«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում: Բանն այն է, որ իշխանության ներսում, հատկապես՝ կառավարությունում եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, դժգոհ են այն փաստից, որ Անդրեասյանի ընկերուհին՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, պատասխանատվության ենթարկվեց կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացավ խուսափել որեւէ իրավական հետեւանքից, այն պարագայում, երբ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է մշտապես:
Ըստ մեր աղբյուրների՝ այս հարցը բավականին երկար ժամանակ է քննարկվում իշխանության տարբեր մակարդակներում, եւ նույնիսկ ձեւավորվել է դիրքորոշում, որ Անդրեասյանի վարքագիծը պետք է քննվի ինչպես ՔՊ վարչությունում, այնպես էլ կուսակցության նախաձեռնող նիստերի ժամանակ: Այս քննարկումների ընթացքում նախարարից պետք է հարցնեն, թե որպես համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ինչ 50 միլիոն դրամ է հաստատել ռեկտորի առաջարկությամբ, որը տեղ «չի հասել», այլ փոխառության է տրվել անհայտ ընկերության, ու այդ փոխառությունից համալսարանը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ստացել:
Ավելին՝ մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է, որ Ժաննա Անդրեասյանը պետք է հրաժարական տա եւ հեռանա այդ խայտառակությունից հետո, իսկ նախարար պետք է նշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է․
Ալեն Սիմոնյանն իրեն եւ իր աշխատակազմից 6 հոգու նոյեմբերի 7-8-ը գործուղել էր Սյունիքի մարզ։
Պաշտոնական կարգադրությունում ասվում է, որ Հայաստանի հարավ են գործուղվել աշխատանքային այցով, իհարկե, այցից հետո հաշվետվություն չի ներկայացրել, որպեսզի պարզ դառնա, թե ինչ հանդիպումներ է ունեցել, սակայն Սիմոնյանը, կարելի է ասել, գրեթե օնլայն լուսաբանում էր իր ողջ այցը, եւ պարզ դարձավ, որ եղել է Կապան, Գորիս, Քաջարան համայնքներում:
Ի դեպ, Գորիսի եւ Քաջարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերն են դիմավորել նրան, շրջել է փողոցներում, անգամ տաքսի է վարել, հանդիպել է տեղի կուսակցականների հետ։ Նրանից առաջ էլ բյուջեի հաշվին մի խումբ պատգամավորներ էին մեկնել Տավուշի, Արարատի մարզեր:
Ակնհայտ է, որ բյուջեի հաշվին ՔՊ-ականները կուսակցական քարոզարշավ են իրականացնում, քանի որ առաջիկայում ՔՊ նախընտրական ցուցակները կազմելու ժամանակ եւս ընտրիչները պետք է որոշեն ցուցակի կազմը` առաջադրված ՔՊ-ականներից։
Այդուհանդերձ, ՔՊ-ում ասում են, որ Ալեն Սիմոնյանը, հավանաբար, հետեւություններ է արել ՔՊ վարչության ընտրություններից եւ բյուջեից վճարվող գործուղման է մեկնել, որ աշխատանքային այցի անվան տակ քարոզարշավ իրականացնի ՔՊ-ականների շրջանում, որ նախընտրական ցուցակը ձեւավորելու քվեարկության ժամանակ կրկին չհայտնվի հետին հորիզոնականներում: Վարչության ընտրությունների ժամանակ նա 11-րդն էր եւ դա բացատրում էր նրանով, որ քարոզարշավ չի արել։ Ցուցակի տեղերով է որոշվելու նաեւ ապագա իշխանությունում պաշտոնների հարցը, եթե, իհարկե, ՔՊ-ն վերարտադրվի։
Ի դեպ, վերջին օրերին ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվողների կտրուկ աճ է գրանցվել։ Ասացին, որ երեկվա դրությամբ մոտ 100 առաջադրում է եղել։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Նախընտրական քարոզարշավն ընթանում է մեծ թափով: Մինչ տարբեր բողոքներ ու ահազանգեր են ստացվում, որ իշխանությունները կիրառում են վարչական ահռելի ռեսուրս, ընդդիմադիր թեկնածուները ակտիվ հանդիպումներ են ունենում բնակչության հետ, ներկայացնում են իրենց մոտեցումները: Ինչպես նշում են իրենց ելույթներում, ընդդիմադիրները հաստատակամ են Վաղարշապատում ևս հաղթելու և ՔՊ-ին ընդդիմադիր դարձնելու հարցում:
Թեկնածուներն իրենց հանդիպումների ժամանակ կամ այլ ելույթներում մեծամասամբ ներկայացնում են այն խնդիրները, որոնք առկա են համայնքում և այն լուծումները, որոնք իրենք առաջարկում են և հաղթելու դեպքում պատրաստ են կարգավորել: Մի փոքր տարբերվում է «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որի որդին անմահացել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Որպես հերոսի հայր՝ հասկանալի է նրա զգացմունքային քարոզարշավը: Սակայն մյուս կողմից՝ Մանուկյանի ելույթները չեն սահմանափակվում «լոկալ» խնդիրներին անդրադարձով, այլև ունեն գլոբալ քաղաքական ենթատեքստ: Օրինակ՝ օրերս այցելելով Եռաբլուր՝ նա ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի կայսրություն է։ «Գալու է օրը, որ պատասխան են տալու, որ դավաճանեցին իմ ազգին և՛ ռազմադաշտում, և՛ բոլոր ոլորտներում»,- նշել էր թեկնածուն։
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնալով զրոյին է հավասարվում հաջողության հասնելու հավանականությունը: Առանց այդ էլ վաղարշապատցիները, մեղմ ասած, դրական վերաբերմունք չունեին ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի հանդեպ, որը, լինելով հերոս Մեխակ Մեխակյանի որդին, համագործակցում է ՔՊ-ի հետ:
Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի արդյունքում ընդհանրապես ՔՊ վարկանիշը շրիշակից ցածր է: Ի դեպ, վերջին հանգամանքը էապես ազդել է նաև Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժի՝ «Հանրապետություն» կուսակցության վարկանիշի վրա, իսկ վերջինիս թեկնածուի ձեռքերով Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու վրա «գործ սարքելու» դեպքից հետո ընդհանրապես վարկանիշի մասին խոսք չկա: Ավելին, կան տեղեկություններ, որ դրանից հետո նույնիսկ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է խուսափում երևալ Էջմիածնում:
