Ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ աղիքային վարակին բնորոշ գանգատներով դիմում են բժշկական տարբեր հաստատություններ։ Բողոքները շատ նման են իրար՝ փորլուծություն, փսխոց, բարձր ջերմություն և ցավեր որովայնի ստորին հատվածում։
Ինչո ՞ւ են շատացել այս դեպքերն ու ի ՞նչ է պետք անել օրգանիզմը պաշտպանելու համար։ Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանի հետ։
Նրա խոսքով՝ այս պահին աղիքային վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում վիճակը կառավարելի է։
«Ամառային շրջան է, և այո, աղիքային վարակների տարածման բարձր փուլում ենք գտնվում, բայց այս տարի պատկերը գրեթե նույնն է, ինչ անցած տարի, այսինքն՝ արտառոց վիճակ չունենք, ավելին, այս տարվա հունիս ամսին 28 դեպքով ավելի քիչ աղիքային վարակի դեպք է գրանցվել, քան նախորդ տարի նույն ամսին»,- նշեց մեր զրուցակիցը։
Ներսես Գրիգորյանը ներկայացրեց, թե որն է այս սեզոնին աղիքային վարակների տարածման հիմնական պատճառը։ Բանն այն է, որ աղիքային վարակների հիմնական հարուցիչները՝ մանրէները, բակտերիաները, նախակենդանիներն ու վիրուսները, այս եղանակին ավելի ակտիվ են բազմանում ու տարածվում։
«Դա է պատճառը, որ տաք եղանակին վարակվելու ռիսկն ավելի բարձր է։ Մարդը հիմնականում վարակվում է ջրի ու սննդամթերքի միջոցով, և ամռան շրջանում ոչ ճիշտ պայմաններում պահված սննդի ու ջրի մեջ են այդ բակտերիաներն ու մանրէներեը հայտնվում, այդ ձևով էլ մտնում մեր օրգանիզմ»,- նշեց բժիշկ-համաճարակաբանը։
Ներսես Գրիգորյանը նկատեց՝ նաև աղտոտված միջավայրը կարող է դառնալ հիվանդության հարուցիչ, այսինքն՝ ձեռքերի շփումը վիրուսով պատված իրեր հետ ևս կարող է դառնալ վարակման պատճառ։
«Պետք է ուղղակի հասկանալ, որ ինչքան հեշտ են մարդիկ վարակվում, այդքան հեշտ էլ կարող են խուսափել հիվանդությունից։ Առաջին հերթին պետք է պահպանել անձնական հիգիենան, հատկապես ձեռքերի լվացման պայմանները։ Օրվա մեջ մի քանի անգամ պետք է օճառով լվացվել, զուգարանից դուրս գալիս, փողոցից տուն գնալիս պետք է անպայման լվանալ ձեռքերը։ Սա կարևորագույն պայմաններից մեկն է»,- ասաց Ներսես Գրիգորյանը։
Բացի այդ, բժշկի խոսքով, պետք է խիստ ուշադիր լինել սննդի պատրաստման ժամանակ, ինչպես նաև սննդամթերք ընտրելիս։
«Պետք է պահպանել սննդամթերքի և՛ պահպանման և պատրաստման կանոնները։ Շուտ փչացող սննդամթերքը պետք է պահել սառնարանում. եփած սննդամթերքը պետք է պահել սառնարանի վերևի դարակներում, իսկ հումը՝ ներքևի։ Մսեղենն ու պաղպաղակն էլ պետք է պահել սառցարանում։ Բացի այդ, պետք է սննդամթերքի մշակման ընթացքում էլ ուշադիր լինել. պտուղ-բանջարեղենը պետք է պարտադիր հոսող ջրով լավ լվանալ։ Պատրաստելիս էլ պետք է տնտեսուհիներն ուշադիր լինեն. յուրաքանյուր մթերք կտրելուց հետո պետք է լավ լվանալ դանակն ու տախտակը՝ հատկապես, եթե հում մթերքից հետո եփված բան պետք է կտրատվի, որպեսզի հում սննդամթերքից աղտոտվածությունը չանցնի մշակվածին»,- նկատեց բժիշկ-համաճարակաբանը։
Ներսես Գրիգորյանը հորդորում է՝ ուշադիր զննել նաև մթերքի արտաքին տեսքը, օրինակ, եթե պաղպաղակ եք գնում, ապա նայեք՝ այն իր ձևը պահե՞լ է. եթե չի պահել, ճմռթված տեսք ունի, ապա պետք չէ ուտել, քանի որ ամենայն հավանականությամբ, ջերմային ռեժիմը խախտվել է, և այդ պաղպաղակը կարող է վնասել օրգանիզմը։
«Խուսափե՛ք նաև դրսում վաճառվող մթերք գնելուց։ Դրսում վաճառվող ապրանքը փոշոտվում է, աղտոտվում, չկան պահման համար անհրաժեշտ պայմաններ։ Տեսեք, օրինակ, հաճախ մարդիկ խնդրում են, որ վաճառողը ձմերուկը կտրի, տեսնեն կարմիր է, նոր վերցնեն։ Դա խստիվ պետք է արգելվի, քանի որ այդ ձմերուկը նախօրոք լվացված չէ, դանակն էլ ամեն անգամ չի լվացվում, ինչը մեծ վտանգ է ներկայացնում»,- ասաց մեր զրուցակցը։
Բայց եթե արդեն հասցրել եք վարակվել ու ունեք աղիքային հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա համաճարակաբանը կոչ է անում միանգամից դիմել բժշկի, ինքնաբուժությամբ չզբաղվել, հատկապես երեխաների դեպքում։
«Եթե ուզում եք բուժում ստանալ, բայց ճիշտ մասնագետը չի նշանակում այդ բուժումը, ապա հնարավոր է օրգանիզմն ավելի լուրջ վնասներ կրի։ Հատկապես պետք է բացառել հակաբիոտիկների անտեղի օգտագործումը, քանի որ կարող է հիվանդությունը ոչ միայն չբուժվի, այլ նաև անցնի քրոնիկ այլ մակարդակի։ Ուստի, եթե ունեք ջերմություն, փորլուծություն, թուլություն և փսխումներ, ապա միանգամից պետք է դիմել բժշկի»,- ամփոփեց խոսքը վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։
Նարե Գնունի