Փաշինյանը սառն է եղել պատգամավորների հետ, Տխուր ընտրարշավ է սպասվում․ Մամուլը՝ սուրճով

Փաշինյանը սառն է եղել պատգամավորների հետ, Տխուր ընտրարշավ է սպասվում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած օգոստոսի 17-ի այցը նոր ինտրիգ է դարձել ՔՊ-ականների համար: Պագամավորները շտապել են Սյունիք, որ այցը լավ կազմակերպեն, բայց ամեն ինչ արդեն կազմակերպված է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սյունեցի ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Դավիթ Դանիելյանը եւ Կարեն Համբարձումյանը արդեն տեւական ժամանակ է՝ մրցավազքի մեջ են Սյունիքի մարզպետի պաշտոնի համար եւ երբեք պահը չեն կորցնում, որ Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանան, նշանակվեն մարզպետի բաղձալի պաշտոնին: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում արել է անհնարինը եւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին Սյունիքում «սյունյաց ողջույններով»՝ հայհոյանքներով ընդունող ըմբոստ քաղաքապետերին դարձրել է «նիկոլական»:

Եւ տպավորություն էր, որ սյունեցիների դժգոհություններն արդեն անցյալում են, եւ թե՛ սյունեցիները, թե՛ համայնքապետերը հարմարվել են իրավիճակին, որ իրենց գյուղը այս իշխանությունների օրոք դարձել է առաջնագիծ, իսկ մի մասն էլ ուղղակի թշնամու տիրապետության տակ է:

Նույնիսկ այս պայմաններում մարդիկ, համաձայն եթերի, արդեն պատրաստ են «սյունյաց» ողջույնի փոխարեն գրկաբաց դիմավորել Փաշինյանին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին հաջողվել է երկար ջանքերից հետո Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերին հավաքել մի տեղ, որպեսզի պատշաճ դիմավորեն Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի այցից ժամեր հետո անակնկալ այնտեղ են հայտնվել ՔՊ-ական սյունեցի պատգամավոները Արմեն Խաչատրյանը, Դավիթ Դանիելյանը եւ Կարեն Համբարձումյանը, ու փորձել են ցույց տալ, թե իրենց շնորհիվ է, որ Փաշինյանին ջերմ դիմավորում են Սյունիքում, բայց նրանց ջանքերը ի դերեւ են ելել: Նկատվել է, որ Փաշինյանը սառն է եղել պատգամավորների հետ:

«Փաստ» օրաթերթը գրում է

Վաղը կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, սակայն արդեն տևական ժամանակ է, ինչ հիմնական քաղաքական ուժերն սկսել են պայքարը։ Այս օրերին հաճախակի է խոսվում այն մասին, թե որքանով է հնարավոր որոշակի կոնսոլիդացիա՝ գոնե գործող իշխանությանը վերարտադրվելու հնարավորությունից զրկելու առումով։

Մեր տեղեկություններով, առաջիկայում «Ապրելու երկիր» կուսակցությունը նախատեսում է առաջարկել այլ քաղաքական ուժերի՝ փաստաթուղթ ստորագրել՝ միասին ՔՊ-ի դեմ պայքարելու պատրաստակամության մասին։ Ի դեպ, պատահական չէ, որ հիմա էլ այդ կուսակցությունը փորձում է ընտրություններին մասնակցելու որոշում ունեցող ուժերին առնվազն այս հարցում կոնսոլիդացնել, ինչի ընթացքը հրապարակային պարզ կդարձնի, թե որ ուժն է դեմ ՔՊ-ին, այսինքն, որ ուժն է իրական ընդդիմադիր, որը՝ կեղծ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի գործերը 2022 թվականին լավ են եղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա բնակարան է գնել Երեւանի կենտրոնում:

Փոխնախարարը 31 մլն 600 հազար դրամ արժողությամբ նորակառույց բնակարանի միանձնա սեփականատերն է: Բացի այդ, նա հանդիսանում է 2011 թվականին գնված բնակարանի համասեփականատեր: Փոխնախարարը բանկային հաշիվներին 1 մլն դրամ է ունեցել, իսկ, որպես կանխիկ գումար, նշել է 13 մլն դրամը: Նա մեկ տարվա ընթացքում 17 մլն դրամ է վաստակել աշխատավարձից եւ համալսարաններից, որտեղ դասավանդում է:

Գիլոյանը նաեւ 45 մլն դրամի վարկ ունի, որը մարելու համար 2 մլն 500 հազար դրամ է ծախսել: Նշենք, որ Կարեն Գիլոյանը այն պաշտոնյաներից է, որը մշտապես փորձում է հաճոյանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինիս էլ, կարծես թե, դուր է գալիս Գիլոյանի «խոնարհ» վիճակը, ինչի համար գրեթե բոլոր քեֆ-հավաքույթներին Գիլոյանը ներկա է, անգամ կիթառ է նվագում՝ հանուն վարչապետի: Դա դրսեւորվեց, երբ մայիսին (երբ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Արփի Փաշինյանի հետ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել էր «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին) Գիլոյանը շատ բարձր տրամադրությամբ կիթառ էր նվագում խարույկի մոտ:

Քրեական ենթամշակույթը մերժող Նիկոլ Փաշինյանի իշխանության սպորտի փոխնախարար Գիլոյանը 2021 թվականի փետրվարին նախարարության անունից շնորհակալագիր էր հանձնել Արտյոմ Կանեւսկոյ անունով, մի քանի քրեական գործով անցնող Արտյոմ Հարությունովին, իսկ հետո հայտարարել. «Ես իսկապես չգիտեմ` ինքը քրեական ենթամշակույթ կրող է, թե ոչ, հանցագործ է, թե հանցագործ չէ. ինձ համար չափանիշն այն է, որ մարդը բարեգործություն է կատարել, գտնվում է ազատության մեջ, չի հետախուզվում։ Եթե երբեւէ ինչ-որ անցյալ ունեցել է, ես պարտավոր չեմ դա իմանալ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմն ու ԱԱԾ-ն, իրենց կարճ խելքով, գտել են Փաշինյանին քննադատողներին «վարկաբեկելու» ձեւը: Ամառվա ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում հերթապահում են եւ լուսանկարում հանգստի մեկնող ընդդիմադիրներին, անգամ` խմբագիրներին եւ ՖԲ զոմբիների միջոցով ամոթանք տալիս, թե երկիրն այս վիճակում, սրանք գնում են հանգստանալու: Բայց եթե ընդդիմադիրներն իրենց անձնական վաստակով են մեկնում հանգստի, իշխանության ներկայացուցիչները դա անում են ողջ տարին` պետբյուջեի հաշվին: Երկրի վիճակն էլ հենց նրանց գործունեության անմիջական հետեւանքն է:

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Օգոստոսի 18-ին ԿԸՀ-ն հրապարակեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 13 կուսակցությունների եւ մեկ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները։ Կուսակցությունների ցուցակների թվակազմը վկայում է, թե որ ուժերն են պատրաստ իրական պայքարի, իսկ որոնք են առաջադրվել այլեւայլ նպատակներով։ Հիշեցնենք․ Երեւանի ավագանին, օրենքով սահմանված կարգով, 65 անդամ ունի։

Իշխող ՔՊ-ն 181 հոգանոց ցուցակ է ներկայացրել, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 129, «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակը, որը գլխավորում է Հայկ Մարությանը, 71 թեկնածուից է, Արամ Զավենիչի «Հանրապետությունը»՝ 68, ԼՀԿ-ն՝ 50, մի շարք կուսակցություններ ավելի քիչ թեկնածուներ են ներկայացրել, քան Երեւանի ավագանու կեսն է։

Օրինակ, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» եւ Խզմալյանի Եվրոպական կուսակցությունների ընտրական ցուցակները 24 հոգանոց են, Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Միացյալ Հայաստան» դաշինքի ցուցակը 41 հոգուց է բաղկացած, ինչը նշանակում է, որ կա՛մ այս ուժերն իրենք էլ չեն հավատում իրենց հաղթանակին եւ օլիմպիական մասնակցություն են ապահովում, կա՛մ էլ քչերն են համաձայնել նրանց ցուցակում տեղ զբաղեցնել եւ պայքարի մեջ մտնել։