Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Բավարար հիմքեր կան ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքներից հեռացնելու համար․ Արման Թաթոյան

Blog Image

Այժմ կառավարության կողմից կառուցվում է Կապան-Ճակատեն այլընտրանքային կենսական ճանապարհը։ Այս ճանապարհի հենց վերևում հին՝ հիմնական ճանապարն է, որի հատվածում ադրբեջանական Զինված ուժերը անօրինական դիրք են տեղակայել և փակել հիմնական ճանապարհը, որից հետո էլ այլընտրանքային ճանապարհի անհրաժեշտությունն է առաջացել։

«Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հարց է առաջ քաշում, թե ո՞րն է այլընտրանքային ճանապարհի իմաստը, երբ այդ ճանապարհը ևս ադրբեջանական զորքերի դիտարկման ներքո է և այդ հատվածում էր, որ թիրախավորվել էր շտապ օգնության մեքենան։ Նրա խոսքով՝ ճանապարհի կառուցման մասով համայնքապետարանի կողմից առաջարկ է եղել առնվազն երկու տեղով տանել ճանապարհը, որտեղ ևս անվտանգության խնդիրներ կան, բայց դրանք համեմատաբար ավելի անվտանգ են։

«Սեպտեմբերի 13-ին և 14-ին ադրբեջանական գործողությունների ժամանակ այս ճանապարհը չէր օգտագործվում, որովհետև հենց առաջին օրը կրակեցին։ Չեմ կարողանում հասկանալ՝ այսքան ծախս անենք, այս ասֆալտն անենք, ճանապարհ փորենք, այդքան մարդկանց տանջենք ճանապարհ կառուցեն, որ ամեն դեպքում անընդհատ դրանց թիրախում լինենք․ սա լրջագույն խնդիր է»,-ընդգծեց Թաթոյանը։

Թաթոյանը պնդում է՝ հիմքեր կան ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքներից հեռացնելու համար:

«Մենք միանշանակ հիմքեր ունենք ադրբեջանական զորքերին մեր տարածքներից հեռացնելու։ Ամենակարևորը՝ պետք է փաստեր հավաքենք, դրանց հետ կարողանանք աշխատել։ Մենք պետք է ոչ թե խոսենք ընդհանուր հայտարարություններով, այլ մեր պահանջների հիմքում փաստեր դնենք և օգտագործենք միջազգային մեխանիզմները, հակառակ դեպքում, մենք ընդամենը կդառնանք աշխարհաքաղաքական շահերի գերի։ Հատկապես փոքր պետությունների համար են միջազգային մեխանիզմները, իսկ այդ հնարավորությունը օգտագործելու համար մեր ունեցած փաստերը լիարժեք բավականեցնում են»,-ամփոփեց Թաթոյանը։

Send