Բենզեման վնասվածքի պատճառով չի մասնակցի Աշխարհի առաջնությանը

Բենզեման վնասվածքի պատճառով չի մասնակցի Աշխարհի առաջնությանը

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի անդամ, «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի աշխարհի առաջնությանը վնասվածքի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Ֆրանսիայի ընտրանու պաշտոնական էջը «Թվիթեր»-ում:

«Ձախ ազդրի քառագլուխ մկանների վնասվածքի պատճառով Քարիմ Բենզեման ստիպված է հրաժարվել աշխարհի առաջնությանը մասնակցելուց։ Ամբողջ թիմը կիսում է Քարիմի վիշտը և ցանկանում շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրությունում:

Նոյեմբերի 19-ին Բենզեման վերադարձել էր ընդհանուր խմբի մարզումներին, սակայն նոր վնասվածք է ստացել:

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմը` աշխարհի գործող չեմպիոնները, Մունդիալի առաջին հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 22-ին: «Կապույտների» առաջին մրցակիցը խմբային փուլում կլինի Ավստրալիայի հավաքականը: Այս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: