Ի՞նչ վիճակում են սիրիահայերը. MediaHub-ի տեղեկություններն աղետի գոտուց

MediaHub-ը կապ է հաստատել Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հետ, փորձելով պարզել, թե ի՞նչ իրավիճակ է այս պահին, ինչպիսի՞ն է այնտեղ բնակվող հայերի վիճակը:
«Շատ վատ վիճակ է, ինչ խոսք»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, ավերիչ երկրաշարժից հետո մարդիկ երկու գիշեր մնում են եկեղեցիներում, ակումբներում, գիշերն անցկացնում մեքենաներում՝ վախով, որ երկրորդը, երրորդը կլինի, քանի որ ցնցումները շարունակվում էին:
«Երկու գիշեր, որ մնացել են մեքենաների մեջ, շատ ցուրտ է եղել, վառելիք չկա, ոչինչ չկա: Ովքեր էլ ողջ են մնացել, շատ վատ վիճակում են: Կան մարդիկ, որ աղետից հետո կաթված են ստացել, այժմ վերակենդանացման բաժանմունքում են գտնվում: Սա մարդկային ողբերգություն է»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա ցավով նշեց, որ շատ են զոհերը նաև երիտասարդների շրջանում, և շատ մարդկանց մասին տեղեկություն չկա, մնացել են փլատակների տակ:
«Շատ շատ ցավալի վիճակ է… »,- հավելեց նա:
MediaHub-ը հիշեցնում է, որ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2370-ի:
Ռեբեկա Հովհաննիսյան