ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել, Խաթարվել է իշխանության անդորրը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 934-Ա որոշմամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատվելու է պաշտոնից։ Սողոմոնյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի հոկտեմբերի 6-ին։Նա համատեղ սեփականությամբ հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ ավտոտնակ, որոնք ձեռք է բերել 2019 թվականին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։ ՊԵԿ նախագահի արդեն նախկին տեղակալ Սողոմոնյանը մեկ բնակարան էլ հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում, որը փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է նրա կողմից։ Ուսումնասիրելով հայտարարագիրը՝ հասկացանք, որ Կենտրոնում գտնվող բնակարանը եւս գնված է հիփոթեքով։ Ծովինար Սողոմոնյանը մինչ պաշտոնը ստանձնելն ունեցել է մեկ մեքենա՝ 2001 թվականի արտադրության, HONDA մակնիշի, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թվականին, նա 1մլն 900 հազար դրամով ձեռք է բերել 2015 թվականի արտադրության, HYUNDAI մակնիշի մեքենա։Սողոմոնյանի բանկային ավանդները կազմել են 2 հազար 500 դոլար եւ 900 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 464 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 211 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Նախկին տեղակալի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 54 մլն 310 հազար դրամ, որը 2 բնակարանների եւ մեկ ավտոտնակի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Վարկի մարմանն ուղղել է 7 մլն 379 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Ծովինար Սողոմոնյանը նախկինում եղել է ֆինանսատնտեսագիտական վարչության պետ ՀՀ կառավարության աշխատակազմում, դրանից հետո նա եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Շարունակելով տեղակալի կարիերան՝ նա նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեւանի ավագանու ընտրությունները խաթարել են իշխանության անդորրը: Քարոզարշավի վերջին օրերն են` մինչեւ սեպտեմբերի 17-ը հաշված օրեր են մնացել: Քարոզարշավին սկսել է մասնակցել նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով երեկ Հանրայինի եթերում կոչ արեց՝ ընտրել ՔՊ-ին եւ Տիգրան Ավինյանին: Բոլորին հրահանգված է ակտիվ աշխատանքներ տանել՝ լինի դա Տիգրան Ավինյանի հետ շրջայցի, թե բնակիչների հետ առանձին զրույցների տեսքով։ Այս փաստով է պայմանավորված, որ այս շաբաթվա ԱԺ նստաշրջանը, կարելի է ասել, ուղղակի գլխառադ արեցին, չնայած մոտ 50 նախագիծ էր ընդգրկված օրակարգում:
Խորհրդարանը հազիվ օրուկես նիստ արեց, երեկ կեսօրից հետո օրակարգն արդեն սպառված էր, իսկ առավոտյան, երբ քվեարկում էին նախորդ օրը քվեարկած նախագծերը, պարզվեց, որ ՔՊ-ն «տեղում չէ», եւ սահմանադրական նախագիծն անցկացնելու բավարար ձայներ՝ 63 կողմ չկա խորհրդարանում: Ստիպված՝ ընդմիջում վերցրին եւ քարոզարշավի մասնակից պատգամավորներին խորհրդարան բերման ենթարկեցին, որ քվեարկությունն իրականացնեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել քարոզարշավի վերջին շաբաթը «կատաղի» պայքարի դուրս գալ ու ամբողջ ուժերը կենտրոնացնել միայն ու միայն ձայներ հավաքելու վրա՝ չխնայելով ոչ մի մեթոդ:
ՔՊ-ն այս շաբաթ իր ամբողջ ծանր հրետանին ոտքի է հանել. նախարարները, բոլոր պատգամավորները մեկ մարդու պես աշխատանքային ժամից հետո պետք է շտապեն քարոզարշավի. անգամ այն պատգամավորները, որոնք մինչ այս չէին մասնակցում քարոզարշավին, այս շաբաթ նրանք էլ ոտքի կելնեն: Բանն այն է, որ որքան ընտրությունները մոտենում են, այնքան իշխանականների վախերն ու անհանգստությունները մեծանում են, քանի որ տարբեր ներքին հարցումներն էլ ցույց են տալիս, որ, առանց վարչական ռեսուրսի կոշտ կիրառման, չեն կարող իրենց ուզած արդյունքին հասնել ու Երեւանում միանձնյա իշխանություն ստանձնել:
Նրանց շատ է անհանգստացնում Հայկ Մարությանի բարձր վարկանիշը, որը իջեցնելու համար անգամ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հարցազրույց տվեց Հանրայինով՝ մեկն իր աշխատասենյակում. ԿԸՀ-ից հուշեցին, որ դա ընտրախախտում է, եւ զրույցը կազմակերպվեց Հ1-ի տաղավարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանին ազատելուց հետո այն հանձնվել է ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանին, ով հանրությանը հայտնի է իր քաղաքացիական կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու հայտնի պատմությամբ: ՄԻ հանձնաժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր ստանձնելու պահից սկսած՝ Բաքոյանը պետական ծառայողական մեքենան անխնա շահագործում է․ մեր թղթակիցը հաճախ այն ֆիքսել է «Դալմա» առեւտրի կենտրոնի դիմաց կանգնած:
ԱԺ աղբյուրներից տեղեկացանք, որ Բաքոյանը վերջին մեկուկես ամսում արդեն 5 անգամ տուգանվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար՝ գրեթե յուրաքանչյուր անգամ՝ 20 հազար դրամով եւ գրեթե բոլորը՝ արձակուրդի շրջանում: Բաքոյանի տուգանքները վճարել է Ազգային ժողովը, այսինքն, մենք՝ հարկատուներս: