Ալիևն ասում է «Երևանն ադրբեջանական է», մենք էլ ասում էինք՝ Նախիջևան ու Ղարաբաղը Հայաստան են
Ոչ մի կտրուկ բան տեղի չի ունեցել, բանակցությունները շարունակվում են, և կարելի է ասել՝ դրական առումով զարգացում կա, իսկ վարչապետի արձագանքն ավելի շատ կարելի է զարմանք որակել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախահահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին, ու դրանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արձագանքին։
Նրա խոսքով՝ Ալիևի հռետորաբանությունը հաճախ դուրս է այն խոսակցություններից ու փոխանակված թեզերից, որ տեղ են գտել․ դա հաճախ անհասկանալի է։
«Հետընթացի մասին որևէ խոսք չկա, ես ասում եմ՝ բանակցությունները շարունակվում են, ու ես ասում եմ՝ դա դրական է։ Ուղղակի զարմանք ու տարակուսանք կա այն հռետորաբանությանը, որ ունի Ալիևը, և վարչապետը դրան արձագանքեց»,- նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե կողմերը ոչ մի բանի հետ համաձայն չեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ո՞վ ասաց, որ կողմերը ոչ մի բանի շուրջ համաձայնություն չունեն։
«Ես այսօր նկատեցի, որ Սեյրան Օհանյանն էլ իր ճեպազրույցում ասում է, թե զիջումները միայն Հայաստանին են վերաբերում, բայց այդպես չէ։ Եթե որոշվում է՝ մի քայլ ետ, ապա երկու կողմն էլ դա են անում, սա պայմանական եմ ասում»,- նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ եթե խոսքը զորքերի հետքաշման մասին է, ապա երկկողմի մասին է խոսքը․ բոլոր թեզերը վերաբերում են հա՛մ Ադրբեջանին, հա՛մ Հայաստանին։ «Չկա որևէ կետ, ըստ որի՝ Հայաստանը միակողմանի հրաժարվում է»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ ՀՀ-ի 29.8 հազար քկմ տարածքային ամբողջականությունն Ադրբեջանը չի ճանաչել, դա հետընթաց չէ՞, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ Ադրբեջանի նախագահը բազմիցս հրապարակային հայտարարություններ արել է, թեև թիվը բառացի չի ասվել։
«Ադրբեջանական կողմը միգուցե թիվ չի հնչեցնում հետագա սակարկումների համար։ Իսկ ես կարող եմ ասել՝ կա պայմանագիր՝ կետերով, որոնցով մենք այսօր առաջ ենք գնում»,- նշեց նա։
Մեկ այլ դիտարկման, որ Ադրբեջանն իր «պատմական տարածքներից» է խոսում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ դա արվում է հայելային․ հայկական կողմն էլ տարիների ընթացքում ասել է, որ դա մեր պատմական տարածքն է։
«Հիմա մենք որպես փաստ կարող ենք ասել, որ սա հայելային հռետորաբանություն է։ Նա հակակշիռ է ստեղծում այն նարատիվներին, որ մենք երեսուն տարի ասել ենք։ Մենք ասել ենք՝ «Նախիջևանը Հայաստան է», մենք ասել ենք՝ «Ղարաբաղը Հայաստան է»»,- նշեց նա։