ԲԴԽ-ի «աֆերիստությունը». Մարտունու դատարանի խորդանոցի նկարը ներկայացվել է որպես նիստերի դահլիճ

ԲԴԽ-ի «աֆերիստությունը». Մարտունու դատարանի խորդանոցի նկարը ներկայացվել է որպես նիստերի դահլիճ

Երեկ ԲԴԽ-ն հայտարարեց, որ Հայաստանի 51 դատական նստավայրերից իննը կփակվեն։

Պատճառն, ըստ խորհրդի, դատարանների շատ քիչ ծանրաբեռնվածությունն է, որոշ դեպքերում դատավորների՝ պարապուրդի մատնված լինելը։ Բացի այդ, նշվում է նաև անբարենպաստ շենքային պայմանների մասին։

"Կարևոր է նաև ընդգծել, որ 9 նստավայրերից 8-ն այնպիսի անմխիթար շենքային պայմաններում են գործել, որ պարզապես հարիր չեն դատարանի բարձր դիրքին, և այնտեղ մտնող քաղաքացիների համար վնասում էին դատարանի հեղինակությանը",- պարզաբանում է իր որոշումը ԲԴԽ-ն:

Նկատենք, որ փակվող դատարանների շարքում է նաև Մարտունու դատարանը, որի լուսանկարները ԲԴԽ-ն հրապարակել էր։ 

«Եթե խոսենք պարապուրդից, ապա պետք է նշեմ, որ լինում են օրեր, երբ մինչև երեսուն նիստ է լինում՝ քաղաքացիական գործերով։ Անգործունակ վիճակ չի, դա միանշանակ է։ Իննսուն հազար բնակչություն ունեցող համայնքն ինչպե՞ս կարող է դատարան չունենալ, դա աբսուրդ է։ Բացի այդ, վիրավորական է, որ ԲԴԽ ֆեյսբուքյան էջում իրենք նկար են հրապարակել, բայց այդ նկարներն արված են այն հատվածից, որտեղ քաղաքացին երբեք չի մտնում։ Խորդանոցի նկարը դրել են ու նշել, թե դա է Մարտունու դատարանը։ Դա փակ տարածք է»,- նշեց MediaHub-ի մտահոգ զրուցակիցներից մեկը։

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ իր տեղեկություններով՝ կարգադրիչներն իրենց միջոցներով իրենց սենյակն են կարգի բերել, նիստերի դահլիճը դատավորներն են կարգի բերել։ Այսինքն՝ ամեն ինչ արվել է, որ լավ պայմաններ լինեն, բայց հիմա դրա մասին անգամ չի էլ խոսվում։

«Գավառի դատարանի նիստերի դահլիճն ավելի վատ վիճակում է, այդ դատարանը պահում են, Մարտունունը փակո՞ւմ»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ ամեն օր մի քանի տասնյակ քաղաքացի դիմում է  դատարան։

«Օրվա մեջ չորս-հինգ քրեական գործ է քննվում, քաղաքացիականների թիվը մի քանի անգամ ավելի է»,- պատմեց մեզ դիմած քաղաքացին։

Նշենք, որ Մարտունու դատարանը երկու դատավոր ունի, որոնցից մեկը պետք է իր գործունեությունը շարունակի Գավառում կամ Ճամբարակում, իսկ մյուսը՝ Վարդենիսում։ 

«Եթե անգամ այս դատավորներն իրենց կազմով գնան, ապա մոտ քսան հոգի էլ գործազուրկ կդառնա։ Կարգադրիչները, մաքրուհին ու մյուս աշխատողներն ի՞նչ պիտի անեն, եթե դատարանը չգործի։ Ու դեռ հարց է՝ դատավորների հետ իրենց կազմի աշխատողները կգնա՞ն Վարդենիս կամ Գավառ։ Եթե հաշվի առնենք ճանապարհը, ապա հարց է՝ մարդիկ 150-170 հազար դրամ աշխատավարձ ստանալու համար այդքան ճանապարհ կհատե՞ն։ Կստացվի, որ նրանք աշխատում են զուտ աշխատելու համար։ Գումարն էլ ստիպված ծախսելու են ճանապարհների ու ընդմիջման վրա»,- նկատեց մեր զրուցակիցը։

Բացի այդ, նա տեղեկացրեց, որ իր տեղեկություններով՝ դատարանի աշխատակիցները դեռ ոչ մի ծանուցում չեն ստացել, որ դառնալու են գործազուրկ, կամ տեղափոխվելու են։

«Մարդիկ չգիտեն՝ ինչ անել։ Միայն դատավորների մասով է հրաման եղել, որ տեղափոխվելու են»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ըստ ԲԴԽ-ի, այս որոշման արդյունքում պետությունը կխնայի տարեկան շուրջ 200 միլիոն ՀՀ դրամ:

«Մարդիկ կան, որ 15 տարի այս համակարգում են աշխատել, 50 տարեկան են, այդ աշխատանքից բացի այլ գործ չեն արել։ Ի՞նչ է, գնան, սոված մեռնե՞ն։ Կամ ի՞նչ է նշանակում․ մեկի հացի գումարը խլում են, որ գումար խնայե՞ն»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։

Կից ներկայացնում ենք Մարտունու դատարանի նիստերի դահլիճի լուսանկարը և ԲԴԽ-ի հրապարակածը:

Նարե Գնունի

​​