«Չեմ կարող ասել, որ շատ լավ խաղացին, բայց չեմ կարող ասել, որ ցածր մակարդակ էր։ Բոլորիս համար դժվար էր, ինձ համար էլ էր դժվար այս թիմի դեմ, տղաների համար էլ։ Ես պաշտպանության ձև էի ասել, իրենք ճիշտ կատարում էին, բայց ինչքան էլ ճիշտ կատարենին, մրցակիցն ուժեղ էր»,-Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից ավարտվել է 0-5 հաշվով։
«Չեմ կարող ասել ամեն ինչ ճիշտ ենք արել։ Եթե պարտվել ենք 5։0 հաշվով, ուրեմն սխալվել ենք բոլորս, առաջին հերթին՝ ես։ Կվերլուծենք։ Կարող են ինձ նման խաղերում քննադատել, իրավունք ունեն, ընդունում եմ, կվերլուծեմ, բայց վաղ թե ուշ կուրախացնեմ մեր ժողովրդին։ Ժամանակ է պետք, կտեսնենք այն, ինչ ուզում ենք։
Ես գիտեմ՝ ուր եմ եկել, ինչի եմ եկել, որն է իմ առաքելությունը, պատրաստ եմ, ունեմ իմ ճանապարհը, գնալու եմ մինչև վերջ՝ մինչև տեսնեմ իմ ուզած թիմին։
Ունենք որակ, ոգի, պայքար, նվիրվածություն, մեկ-երկու ամսից ընդհանուր պատկերացում, կարծիք կունենամ խորքային պրոբլեմների մասին, լուծում կգտնենք։ Մեկ խաղով դժվար է։
Մենք ունենք ուժեղ տղաներ, իրենց թիմերում լավ ֆուտբոլ են խաղում, բայց չունենք այդ 11 ուժեղ տղաները։ Ունենք փորձառու, լավ տղաներ և լավ երիտասարդներ, որոնք նոր են առաջին քայլերն անում մեծ ֆուտբոլ։ Աշխատանք է պետք տանել»,- ասաց Ե.Մելիքյանը։