Հայոց պատմությունը հենց Հայաստանի պատմությունն է․ պատմաբանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Հայոց պատմությունը հենց Հայաստանի պատմությունն է․ պատմաբանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով։ Օրեր առաջ նման հայտարարություն է արել Կառավարության գլուխ Նիկոլ Փաշինյանը։

Այսինքն, ըստ նրա, առաջին պատմությունը պետության բացակայության մասին է, որը երբեմն ընդհատվել է պետություն ունենալով, իսկ երկրորդը՝ պետության պատմությունն է, որը երբեմն ընդհատվել է պետություն չունենալով։ 

«Այս կարգի հարցեր կան, որոնք շատ կարևոր են»,- նշել է Փաշինյանը։

Ի՞նչ վտանգներ է պարունակում այս հայտարարությունը, և որքանով է Հայոց պատմությունը հակասում Հայաստանի պատմությանը․ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է պատմաբան Էդգար Հովհաննիսյանի հետ։

«Կարծում եմ՝ այստեղ թյուրըմբռնում կա․ հայոց պատմությունն ինքնին ներառում է Հայաստանի պատմությունը»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ եթե պատմությանը նայենք, ապա թագավորներն իրենց հայոց աշխարհի թագավոր են ներկայացրել, Խորենացին, մյուս պատմիչները «հայոց պատմություն» եզրույթն են օգտագործել, դա հայ ժողովրդի, Հայաստանի պատմությունն է։

«Չկա մի տասնամյակ, որ քաղաքական սահմանի մեջ փոփոխություն տեղի չունենա, հետևաբար, մենք մեր պատմական ավանդույթներից չպիտի հեռանանք՝ անկախ նրանից՝ որ տերմինով ենք առաջնորդվում։ Սկզբունքներն ու տերմինները պետք է մնան նույնը, և այս դեպքում ավելի լավ տերմին, քան հայոց պատմությունն է, չի կարող ստեղծվել, որը կընդգրկի թե՛ Հայաստանի պատմությունը, թե՛ հայ ժողովրդի պատմությունը»,- նշեց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, թե Հայաստանի պատմություն ասելով, գուցե, Փաշինյանը նկատի ունի 29,8 հազար կիլոմետր քառակուսի տարածքի պատմությունը, Էդգար Հովհաննիսյանն արձագանքեց՝ դա ուղղակի ծիծաղելի ու անհասկանալի կլինի։

«Ի՞նչ է նշանակում 29  հազար 800 կիլոմետր քառակուսու պատմություն։ Եթե մենք դրան անդրադառնանք, ապա ոչ վաղ անցյալում է այդ տարածքը ձևավորվել։ Ի՞նչ, 100 տարվա պատմությո՞ւն ենք ուսումնասիրելու։ Այդ սահմանների շրջանակո՞ւմ ենք պատմություն ուսումնասիրելու։ Հայկական թագավորություններ են եղել, հայկական մշակույթ է եղել, որի հետքերը նույն այսօրվա Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի տարածքներում էլ է պահպանված։ Այսինքն՝ նոնսենս է դա։ Նորից եմ կրկնում՝ ինչ-որ թյուրիմացություն կա, նոր բան հայտնագործելու խնդիր չկա։ Հայոց պատմությունն ամեն ինչ ասում է, ամեն ինչ ընդգրկում է»,- նկատեց պատմաբանը։

Նա վստահություն հայտնեց՝ եզրույթի փոփոխությունը ոչ մի լավ բան չի տալու․ «Եթե նույն Հայաստանի պատմություն ենք ասում, ապա այս սահմանի մասին չենք խոսելու, քանի որ Հայաստանի տարածքը պատմության որոշ հատվածներում շատ մեծ է եղել»։

«Այստեղ քաղաքական կոնտեքստը, պետականության դերը եթե շեշտադրենք, ապա «Հայոց պատմություն» տերմինը մշտապես պետականության կարևորությունն ընդգծել ու արժևորել է։ Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ է, պատմությունն այս ամենի պատասխանը տվել է։ Ու նոր բան ստեղծելու շարժառիթ չկա այստեղ»,- ամփոփեց խոսքը պատմաբան Էդգար Հովհաննիսյանը։

Նարե Գնունի