Ծխող կինը զզվելի՞ է, իսկ ատելություն քարոզող հոգևորականը՝ ո՞չ 

Ծխող կինը զզվելի՞ է, իսկ ատելություն քարոզող հոգևորականը՝ ո՞չ 

«Աշխարհում ամենազզվելի բանն է ծխող կինը և մի ուրիշ սրիկայություն կա, երբ անամոթաբար ծխում են տղամարդու ներկայությամբ, այդպիսով նա դադարում է կին լինելուց, իսկ նրանք համարվում են իբրև առաջնակարգ ապրող մարդիկ»: Այս բառերի հեղինակը, որքան էլ տարօրինակ է, Դիլիջանի հոգևոր հովիվ տեր Շավարշ քահանա Սիմոնյանն է: Ու այս «հանճարեղ» միտքը ով պատահի տարածում է համացանցում՝ դե իհարկե, հիանալի առիթ է կանանց թիրախավորելու համար:

Միանգամից նշենք՝ որևէ մեկը չի ասում, թե ծխելը լավ բան է և հոգևորականը կամ որևէ մեկը պետք է այդ երևույթը ողջունի: Հարցն այստեղ այն ատելությունն է, որ դրված է այս քարոզի հիմքում՝ կինը կին չէ, զզվելի է, եթե ծխում է, հատկապես, երբ ծխում է՝ ուշադրություն, տղամարդու ներկայությամբ: Այսինքն, տղամարդը կարող է ծխել և դա ամենևին էլ նրան զզվելի չի դարձնում, բայց երբ կինն է ծխում, ապա նա ավտոմատ դառնում է զզվելի:

Իսկ արդյո՞ք զզվելի չէ, երբ հոգևորականը, որ մարդկանց պետք է ճիշտ ուղին ցույց տա, բայց ոչ քննադատելու միջոցով, ավելին՝ նման ատելության հիմքով խորը տարանջատման արժանեցնելով, նման քարոզ է անում: Ու սա այն դեպքում, երբ շատ կանայք, անգամ եթե չեն ծխում, իր բառերը հաստատ վիրավորական են ընկալելու՝ ի վերջո, ի՞նչ է նշանակում ծխող կինը դադարում է կին լինելուց:

MediaHub-ը կապ հաստատեց հովիվիվ հետ՝ հասկանալու, թե արդյո՞ք այս բառերը իսկապես ինքն է արտաբերել, այն էլ քարոզի ժամանակ, թե համացանցում աղավաղված է իր միտքը ներկայացվում: 
«Քարոզների մեջ կարող է եղել է, այնտեղից են հանել, տեղյակ չեմ»,- ասաց նա:

-Դո՛ւք նման արտահայտութուն արե՞լ եք, որ «ծխող կինը զզվելի բան է»:
-Զզվելի երևույթ է, որ կինը ծխում է, ինքը դադարում է կին լինելուց:

-Արդյո՞ք կարելի է նման քարոզ անել, թե կինը դադարում է կին լինել,  ինչո՞ւ չեք ասում՝ տղամարդը դադարում է տղամարդ լինելուց, եթե ծխում է:
- Ես տղամարդու ծխելուն կողմ չեմ, իմ քարոզից կոնտեքստից կտրած է: Ես ծխելու դեմ եմ ընդհանրապես խոսել, բայց մարդիկ կտրել են մի հատված, որը կնոջն է վերաբերում և դուրս է գալիս, որ ես կնոջ հանդեպ ատելություն եմ տարածում:

-Իհարկե, հենց այդպես էլ դուրս է գալիս:
-Ես ծխելու երևույթին եմ դեմ խոսում, կապ չունի՝ ով է անում: Ես ասում եմ, որ աշխարհում այդպիսի տենդենց կա, թե ծխող կանայք համարվում են առաջադեմ, իսկ ովքեր չեն ծխում, հետամնաց են: Այստեղ աղավաղված բաներ են արել:

Մեր զրույցից ստացվեց այնպես, որ նման բովանդակությամբ քարոզ չի եղել, ուղղակի իր խոսքերն աղավաղել են: Սակայն հարցազրույցից հետո այդ տեսանյութին ծանոթացանք, որում բաառացի սույն հովիվը այդ հայտարարությունն անում է: Նույնությամբ, ինչպես տարածվում է համացանցում:
Ավելորդ է ասել, որ խոսք ունենք մի հոգևորականի հետ, որը, փաստորեն, մարդկանց գլխին քարոզներ է կարդում ամբողջությամբ ատելության խոսքով  հագեցած, դեռ մի բան էլ ստում է: 

Վերջին շրջանում մենք բազմիցս ենք քննարկում այն ցավոտ հարցը, թե ինչու է հասարակությունը հեռվացել եկեղեցուց: Պատճառներից մեկն էլ սա է, ավելի շուտ՝ նման անձանց գոյությունը եկեղեցու շարքերում, որոնք չեն հասկանում, որ մարդիկ Աստծո տանը ոչ թե քննադատություն են ուզում լսել, ոչ թե ուզում են ոմն մեկը իրենց երեսին ասի, որ իրենք զզվելի են ու այլևս կին չեն, որովհետև ծխախոտի տուփ կա իրենց պայուսակում, իսկ եթե կինը համարձակվում է ծխել տղամարդու ներկայությամբ, ապա ընդհանրապես նզովյալ է: 

MediaHub-ը դիմեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ՝ ճշտելու՝ սա եկեղեցու դիրքորոշո՞ւմն է, որ ծխող կինը զզվելի է: Պատասխանը եղավ հստակ ու լակոնիկ՝ ո՛չ:

Հուսանք, որ նման հովիվներին եկեղեցին կփոխանցի իր հստակ դիրքորոշումը՝ ատելություն ու ակնհայտ հիմար մտքեր քարոզներով մարդկանց այսուհետ չհրամցնել:

Լիա Խոջոյան