Ներկայիս փուլում ամենակարևորը Արցախի պետականության փշրանքները պահպանելն է

Շրջափակված Արցախի շուրջ իրավիճակն օրեցօր միայն թեժանում է։ Արցախի ներկա իշխանություններից և նրանց ընդունած որոշումներից է կախված Արցախի պետականությունը և պետական ինստիտուտների վերացման վտանգի չեզոքացումը, ինչը կհանգեցնի ինքնակառավարման կորստի:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը MediaHub-ի հետ զրույցում խոսել է հնարավոր զարգացումների և դրանց հետևանքների մասին:
Փորձագետը նշում է, որ դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, բայց մի բան հստակ է՝ Հայաստանի անվտանգությունը կախված է Արցախի տարածքային ամբողջականությունից: Դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ Արցախի նախագահի հնարավոր հրաժարականը։
«Արցախի անկմամբ կոչնչանա Հայաստանի անվտանգային համակարգը և ՀՀ-ի սահմանների լեգիտիմացման համակարգը, ինչը շատ լուրջ խնդիրների արջև է կանգնեցնում նաև մեզ՝ ՀՀ-ի բնակիչներիս։ Օրենսդրական տեսանկյունից Արայիկ Հարությունյանի հրաժարականի պարագայում հնարավոր կլինի ապահովել իշխանական համակարգի վերարտադրությունը: Ներկայիս փուլում ամենակարևորը Արցախի պետականության փշրանքները պահպանելն է»,- ասում է նա։
Սակայն հարկ է հաշվի առնել, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը կարող է բերել իրավիճակի վատթարացման, եթե նախագահի հրաժարականից հետո տարբեր պատճառներով չընտրվի նոր կառավարություն:
Պարադոքսալ է նաև Արցախ ուղարկվող մարդասիրական օգնության հետ կապված իրավիճակը։ Ադրբեջանը պնդում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ չկա, բայց ինքն է մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ ուղարկում Արցախ:
«Այստեղ կա օբյեկտիվ անհամապատասխանություն ադրբեջանական կողմից, որը հայկական կողմը չի օգտագործում: Հայաստանը չի օգտագործում բոլոր լծակները, որն ունի Ադրբեջանի դեմ: Լաչինը շրջափակած Ադրբեջանը օգտագործում է ՀՀ օդային տարածքը: Հայկական կողմը նախևառաջ պետք է հստակեցնի իր մոտեցումները, նաև որոշակի ճանապարային քարտեզ մշակի, թե դեպի ուր ենք մենք շարժվում»,- նշում է Մաթևոսյանը:
Փորձագետը նշում է նաև, որ մենք բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից համաձայնագրերի խախտմանը և պետք է հաշվի առնել, թե արդյոք Հայաստանն ունի մեխանիզմներ, որոնք կստիպեն Բաքվին կատարել պարտականությունները:
Խոսելով Լաչինի միջանցքի հնարավոր բացման մասին, որը, ըստ Ադրբեջանի, կբացվի Աղդամի ճանապարհի բացումից հետո, Մաթևոսյանն ասում է՝ չի կարելի կանխատեսել, թե ինչ պայմաններով դա կանեն: Այսինքն՝ առաջվա պես մարդիկ այն կանցնեն առանց ստուգումների, թե առևանգումները կշարունակվեն:
Գեղեցիկ Մանուկյան