Արտակարգ պատահար Սյունիքում. մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել ու բռնկվել է

Արտակարգ պատահար Սյունիքում. մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել ու բռնկվել է

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին «Iveco» մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչից հրդեհ է բռնկվել և վարորդն արգելափակվել է խցիկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանի հենակետից 1-ական մարտական հաշվարկ։

Վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը, ում կողմից հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ և դեպքի վայր են ժամանել լրացուցիչ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի,1-ին վաշտի հրամանատար Հմայակ Գալստանյանի, 2-րդ վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սլավիկ Նավասարդյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։