ՄԻՊ, թե ՆԻ՞Պ. ինչո՞ւ է «անկախ» ՄԻ պաշտպանը կառավարական պատվիրակության կազմում այցելում Եռաբլուր

ՄԻՊ, թե ՆԻ՞Պ. ինչո՞ւ է «անկախ» ՄԻ պաշտպանը կառավարական պատվիրակության կազմում այցելում Եռաբլուր

Առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոնում խայտառակ միջադեպ արձանագրվեց զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև, որոնք թույլ չտվեցին ծնողներին գտնվել Եռաբլուրի տարածքում այն պահին, երբ այդտեղ էր գալու Նիկոլ Փաշինյանը:

Կատարվածի մասին վկայում են թե՛ լուսանկարները, թե՛ տեսանյութերը, հայաստանյան հասարակությունն ամբողջ օրը քննարկում է կատարվածը՝ շոկի մեջ լինելով եղելությունից: Օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ու տարբեր անհատների, ԶԼՄ-ների կողմից, այդ թվում և MediaHub-ի, հարց հնչեցվեց՝ խոսելո՞ւ է ՄԻ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կատարվածի մասին: Եվ ինչո՞ւ անմիջապես չի արձագանքում, երբ առավոտյան Եռաբլուրից մի քանի տասնյակ որդեկորույս ծնողներ էին բերման ենթարկվել, իսկ ոմանք ստացել մարմնական վնասվածքներ:

ՄԻՊ-ը խոսեց.... երեկոյան, հանդես գալով անատամ մի հայտարարությամբ, որը կարդալուց հետո միայն մի բան ես ուզում ասել՝ ավելի լավ է լռեիր: Սակայն ՄԻՊ-ը, որն, իրականում, կարծես ՆԻՊ լինի՝ Նիկոլ Փաշինյանի իրավունքներ պաշտպան, չդավաճանեց ինքն իրեն ու ինչպես օրեր առաջ ադրբեջանցիներին առավ իր պաշտպանության տակ, այնպես էլ այսօր ՝ ոստիկաններին: Ահա Քրիստիննե Գրիգորյանի հայտարարության մի հատված.

«Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է»: Մնացյալը մեջբերելու կարիք չկա, քանզի երբ ակնհայտ բիրտ ուժը, որը գործադրվել է որդի կորցրած ծնողի հանդեպ որդու շիրիմի մոտ ուղղակի «ֆիզիկական նման ներգործություն»  է որակվում, այն էլ ում կողմից, ապա մնացածը իմաստ չունի:

Եվ ահա, մինչ ՀՀ վրդովված քաղաքացիները փնտրում էին ՄԻՊ-ՆԻՊ-ին, վերջինս, պարզվեց, պետական այրերի պատվիրակության կազմում այցելել էր Եռաբլուր: Շնորհակալություն Ազգային Ժողովի լուսանկարչին, որ պահը ֆիքսել է (նկատենք՝ շատ անհարմար պահը) և զետեղել լուսանկարները ԱԺ կայքում՝ “Պետական այրերն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն” հոդվածի մեջ: 

Ըստ այդմ էլ հաստատվեց այն, ինչ բոլորս կասկածում էինք Արման Թաթոյանի այդ պաշտոնից հեռանալուց հետո՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պետական պաշտոնյա է: Դրա համար էլ իր գործընկերների հետ միասին է այցելել Եռաբլուր՝ դե, էլ ինչո՞ւ առանձին գնա:

Մինչդեռ երբ այս անկախ կառույցը ստեղծվում էր, «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքը սահմանեց, որ Պաշտպանն անկախ եւ անփոփոխելի պաշտոնատար անձ է, ով իրականացնում է, ուշադրություն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության եւ սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով: Եվ ոչ հակառակը՝ իշխանությունների ներկայացուցիչների պաշտպանությունը հանրությունից, ինչին լծվել է Գրիգորյանը:

Սա եկավ ևս մեկ անգամ փաստելու՝ ունենք լավ օրենքներ, բայց դրանք մնում են թղթի վրա միայն: Ունենք նաև պաշտպան, որ առաջին իսկ օրվանից լծվել է Նիկոլ Փաշինյանի ու իշխանության իրավունքների պաշտպանությանը:

Լիա Խոջոյան