Տիգրան Ավինյանը այսօր էլ կարդարացնի՞ թաղապետի բռունցքներով հարձակվելն ու Չախոյանին ծեծի ենթարկելը

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը շարունակում է պաշտոնյային ու հանրային գործչին ոչ հարիր պահվածք դրսևորել և արդարացնել սանձարձակ ու սկանդալային համբավ ունեցողի կոչումը:
Եթե երեկ նա ուղղակի (հասել ենք նրան, որ սեռական բնույթի հայհոյանքները արդեն ներկայացնում ենք որպես չարյաց փոքրագույն) սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել ընդդիմադիր գործիչների հասցեին ու անգամ ներողություն դրա համար չխնդրեց, երբ այդ խայտառակ ձայնագրությունը հրապարակվեց, այսօր ավելի հեռուն է գնացել և տասնյակ մարդկանց ու տեսախցիկների առջև այդ նույն ընդդիմադիր գործչին ծեծի ենթարկել: Եթե երեկ բոլորս լսեցինք, թե ինչ կարգի բառապաշար ունի այսպես կոչված թաղապետը, որին արդարացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, թե՝ «դե մարդ է, նյարդերը տեղի տվեցին», ապա այսօր սույն անձը բռունցքներով հարձակվեց ընդդիմադիր Արթուր Չախոյանի վրա, իսկ տարածքում գտնվող անձինք փոխարենը թույլ չտան այս Լինչի դատաստանին նմանվող գործողությունը, մի բան էլ օգնում էին հավելյալ բռունցքներով ավելի ակտիվ ծեծել Չախոյանին:
MediaHub-ը չի կասկածում, որ այս խայտառակությունը ևս կներվի ոսկեղենիկ հայերենին տիրապետող Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, ինչպես երեկ արդարացվեց ու ներվեց: Սակայն փորձեցինք հասկանալ, թե ինչպե՞ս է այս արարքը մեկնաբանում Տիգրան Ավինյանը:
MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժին, քանի որ Տիգրան Ավինյանի խոսնակը շուրջ երկու շաբաթ է մեկնել է արձակուրդ և որևէ լուր նրա վերադարձի մասին չկա: Մասնավորապես, հարցրել էինք, թե արդյո՞ք Տիգրան Ավինյանը այսօր էլ է արդարացնում թաղապետի պահվածքը, ինչպես երեկ արդարացրեց նրա սեռական բնույթի հայհոյանքները, թե՞ միջոցներ կձեռնարկվեն թաղապետին սանձելու և վերադարձնելու պաշտոնյային ու հանրային գործչին հարիր վարքի շրջանակ:
«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- եղավ պատասխանը:
Նշենք, որ Չախոյանի աչքի տակը կապտել է, նա ստացել է մարմնական այլ վնասվածքներ, թեև այս պահին շարունակում է մնալ հանրային քննարկման անցկացման վայրում:
Չախոյանին բերման ենթարկեցին: Նոր Նորքի թաղապետի բռունցքներով հարվածներից հետո վնասվել է ArmLur.am-ի ուղիղ եթերի տեխնիկան և տեսախցիկը:
Հետևում ենք զարգացումներին: