Խաղաղության բանակցությունների ԵՄ ձևաչափը կարող է հանգեցնել ՌԴ-ին գործընթացներից դուրս մղելուն. Սոս Հակոբյան

Խաղաղության բանակցությունների ԵՄ ձևաչափը կարող է հանգեցնել ՌԴ-ին գործընթացներից դուրս մղելուն. Սոս Հակոբյան

Եվրոպական Միության միջնորդության շրջանակներում իրականացվող բանակցություններում ԱՄՆ դիրքորոշումները ավելի հեշտ է համահարթեցնել ԵՄ հետ՝ հաշվի առնելով իրենց դաշնակցային հարաբերությունները, «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

Նրա խոսքով, սակայն, Հայաստանի և Արցախի համար անվտանգային առումով առանցքային նշանակություն ունեցող երկրի՝ Ռուսաստանի Դաշնության շահերը և մասնակցությունը ԵՄ ձևաչափով տեղ չունեն: 

«Սա կարող է հանգեցնել ՌԴ-ին գործընթացից դուրս մղելուն կամ դրա փորձին և, ցավոք սրտի, աշխարհաքաղաքական մրցակցության շրջանակներում Հայաստանը դառնում է դրան մասնակից, գործիք այս կամ այն կողմի ձեռքում՝ ստեղծելով չափազանց մեծ անվտանգային խնդիրներ Հայաստանի և Արցախի համար»,-ասել է նա:

Սոս Հակոբյանն ընդգծել է՝ հնարավոր չէ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներն՝ առանց Արցախի հիմնախնդրին լուծում տալու:

«Հնարավոր չէ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներն՝ առանց Արցախի հիմնախնդրին լուծում տալու, որովհետև մեր խնդրի բուն էությունը Արցախի ժողովրդի անվտանգ և Ադրբեջանի կազմից դուրս ապրելու իրավունքի մասին է: Ադրբեջանի 5 կետերի հետ համաձայնվելով, ընդունելով, որ միմյանց հանդեպ որևէ տարածքային պահանջ չունենք, որևէ անվտանգային խնդիրներ չենք առաջացնելու, մեզ զրկում ենք հետագայում հնարավորությունից միջազգայիին կազմակերպություններում, խորհրդարանական հարթակներում բարձրաձայնել Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը: Սա է Ադրբեջանի նպատակը և սրա մասին նրանք հայտարարում են»,-նշել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարը: