Ընդդիմության պառակտումը կոտրեց մարդկանց հավատը․ Շուշան Պետրոսյան 

Ընդդիմության պառակտումը կոտրեց մարդկանց հավատը․ Շուշան Պետրոսյան 

Որպեսզի Արցախի կորստի դեմն առնենք ու սկսենք զրոյից՝ պետք է ազատվենք այս չարիք իշխանությունից․ MediaHub-ի հետ զրույցում ասում է երգչուհի Շուշան Պետրոսյանն ու շեշտում ՝ վտանգներն ու ռիսկերը տեսնում է, բայց երբեք չի համակերպվելու Արցախի կորստի հետ։ 

Արդեն մի քանի օր է Արցախում եւ Երեւանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ Լաչինի միջանցքը ադրբեջանական շրջափակումից ապաշրջափակելու կոչերով։ Երեկ եւ այսօր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանատների առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիաները նախաձեռնել էր Արցախի իշխանությունը, որն այս օրերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ նստացույց է անում։ 

Շուշան Պետրոսյանի կարծիքով՝ երբ Արցախի իշխանությունն է նստացույց անում, հավանաբար աշխարհին ինչ-որ բան է ուզում ասել․ «Գուցե հասկացել են իրենց սխալը, չգիտեմ։ Այնքան խաղեր են խաղում, չգիտես՝ սա է՞լ է խաղ։ Այն, ինչ անում են հիմա, գոնե այդպիսով աշխարհի ուշադրությունը կարողանան գրավել։ Այս տոտալ անտարբերությունը Արցախի նկատմամբ ինձ ուղղակի սպանում է։ Ներկայիս հանցագործ, դավաճան իշխանությունը այնքան է մեր վարկանիշը իջեցրել, որ աշխարհը ուղղակի մեզ հետ հաշվի չի նստում, նրանց համար միեւնույն է»։ 

Արայիկ Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, որը Լաչինի միջանցքի շրջափակումից հետո մնացել է Հայաստանում, հրաժարվում էր ուղիղ ասել, թե ով է Արցախում ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն, նա պարզապես հրաժարվում էր արտաբերել Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը։ Այսօր, երբ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է հնարավոր փրկել Արցախը, երբ հիմնական բանակցողը՝ Նիկոլ Փաշինյանը, այն ճանաչել է Ադրբեջանի մաս, վերջինս կոչ արեց այդ հարցը հասցեագրել անձամբ Փաշինյանին։ Գրիգորյանի այս պահվածը տարօրինակ է համարում Շուշան Պետրոսյանը։ 

«Ինչո՞ւ է հրաժարվում դիրքորոշում հայտնել Հարությունյանի խորհրդականը, երբ այլեւս վտանգված է իր երեխայի ապագան, իր տունը։ Ճշմարտությունը մեկն է՝ ՀՀ ներկայիս ղեկավարը ստորագրել է կապիտուլացիա, որը պատմության ողբերգական էջ դարձավ իմ հայրենիքի համար»,-ասաց նա։ 

Դիտարկմանը, որ պատերազմից հետո Հայաստանի ընդդիմադիրները բարձրաձայնում էին Արցախի գլխին կախված վտանգի մասին, այս պահին ո՞ւմ կողքին համախմբվեն մարդիկ, երբ խորհրդարանական ընդդիմությունը լուռ է, Պետրոսյանն ասաց․

 «Ձեր տված հարցն իմ անձնական դրաման է, երբ ընդդիմությունը պառակտված է։ Սարսափելի բան է, երբ միասնականությունը կարող է դավաճանին հարվածել, բայց պառակտված է»։ 

Ինչ վերաբերում է արցախցու կողքին կանգնելուն, երգչուհին հիշեցնում է, որ 1988թ-ին արցախցին է սկսել պայքարը.

«Արցախցին որոշեց անկախանալ եւ նրա համար մեկ էր, թե ով է իր դեմ կանգնած։ Հիմա նույն իրավիճակն է լինելու եւ Աստված տա, որ Հայաստանի խոհեմները միանան ու դուրս քշեն չարիքը մեր երկրից։ Այս սրիկան ամեն օր մահ է բերում։ Ընդդիմության պառակտումը մարդկանց հավատը կոտրեց։ Բայց դա սխալ է, որովհետեւ երբ դու զրոյական կետից սկսում ես քո պայքարը, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել»,- հավելեց երգչուհին։

Լիա Սարգսյան