Քառանիվ էր կողաշրջվել, 2 անչափահաս աղջիկ` մահացել. ի՞նչ է հայտնի

Մայիսի 24-ին ժամը 11։30-ի սահմաններում Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի էր ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկները, մահացել են։ Մահացած աղջիկները սովորում էին Երևանի թիվ 29 դպրոցում։
MediaHub-ի տեղեկություններով՝ չորս ուղևորներն էլ աղջիկներ են եղել, նրանցից մեկը նստել է վարորդի կողքը, երեքն էլ քառանիվի հետևի մասում։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է:
Նշենք, որ հոդվածը վերաբերվում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից: Մեր տեղեկություններով՝ վարորդը սթափ է եղել, սակայն համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել։
Մարիաննա Արամյան