Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երկիրը փոխում են իշխանության մնալու հետ

Blog Image

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ նախատեսված է հանդիպում Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև եռակողմ՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև։

Ըստ միջազգային մամուլում վերջին օրերին շրջանառվող արտահոսքերի՝  առանցքային փաստաթուղթը, որ ստորագրվելու է, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որքան էլ ՀՀ իշխանությունն այժմ իր ողջ ռեսուրսը ներդրել է համոզելու և մոլորեցնելու, թե նման բան տեղի չի ունենալու:   

Այս հանգամանքը հայ հասարակության մեջ և՛ խուճապ, և՛ վրդովմունք է առաջացրել, քաղաքացիների մեծ մասը ավելի քան վստահ է՝ հայանպաստ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու և հերթական անգամ ոչ միայն բավարարվելու են Ադրբեջանի նախագահ Ալիևի ցանկությունները, այլև աշխարհաքաղաքական ավելի գլոբալ նպատակներ են կյանքի կոչվելու, այն է՝ ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու և ԱՄՆ դերը ավելի բարձրացնելու ուղղությամբ։ 

Ստեղծված իրավիճակի շուրջ MediaHub-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանի հետ, փորձելով պարզել՝ ի՞նչ է սպասել, արդյո՞ք ստորագրվելիք փաստաթղթերը Հայաստանին խաղաղություն բերելու են, թե՞ ոչ։ 

Աբովյանը նշեց, որ նախ լինելու է նախաստորագրում, որի հիմնական նպատակն է խաղաքարտ տալ այս իշխանությանը, որ առաջիկա ընտրությունների ժամանակ ասեն՝ «ընտրեք մեզ, և կլինի խաղաղություն»։

«Հանդիպման հիմնական նպատակը Թուրքիայի, Ադրբեջանի և այս պարագայում ԱՄՆ-ի շահերը սպասարկելն է, ԵԱՀԿ Մինսկի  խմբի լուծարումն է և, ըստ էության, Հայաստանի հարավի հանձնումը թուրք-ադրբեջանական տանդեմին՝ ԱՄՆ-ի բարձր հովանու ներքո»,- նշեց Աբովյանը։

Նրա կարծիքով՝ այս ամենի արդյունքում կլինի համատեղ ինչ-որ հայ-ամերիկյան կազմակերպություն, որը կգործի Հայաստանի սուվերենության և օրենքների ներքո, բայց այդ ամենը ուղղակի գեղեցիկ փաթեթավորում է։

«Այս ամենը Հայաստանի իշխանությունները կներկայացնեն որպես հաղթանակ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իշխանություններն Արցախի հանձնումը, 5000 հոգու մահը և Հայաստանի կազմաքանդումը ներկայացնում են որպես հաղթանակ՝ մեզ պատմելով հիմար հեքիաթներ այն մասին, թե «կորցնելով Արցախը՝ ձեռք ենք բերել Հայաստան», ապա հիմա կասեն հետևյալը. «տալով կամ համատեղ գործողություններ իրականացնելով ամերիկացիների հետ՝ ամրապնդում են Հայաստանի անկախությունն ու սուվերենությունը»։ Այս իշխանությունը փոխանակում է ՀՀ սուվերենությունը սպասվելիք ընտրություններրում Միացյալ Նահանգների աջակցության հետ։ Այսինքն՝ երկիրը փոխում են իշխանության մնալու հետ»,- հավելեց ԱԺ նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը Սպիտակ տանը կմեկնարկի այսօր ուղիղ կեսգիշերին:

Էմմա Մարտիրոսյան

Send