ՔՊ-ում չեն ներում Միրզոյանին, Եկեղեցին քաղաքակա՞ն ուղղություն է բռնում, Պաշտոնյայի որդին ձերբակալվել է. Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ում չեն ներում Միրզոյանին, Եկեղեցին քաղաքակա՞ն ուղղություն է բռնում, Պաշտոնյայի որդին ձերբակալվել է. Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրավաբանները կես կատակ-կես լուրջ նշում են, թե հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունը կարող է ռեկորդային դառնալ դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների մերժումներով: Բանն այն է, որ օրերս հերթական նիստի ժամանակ Չալաբյանի փաստաբանական թիմը արդեն չորրորդ անգամ է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը ևս «ավանդույթի» ուժով մերժվել է: «Փաստի» հետ զրույցում Չալաբյանը նշեց, որ դատավարության ընթացքում Մարտիրոսյանն այնպիսի քանակի խախտումներ է թույլ տվել, որ իր անաչառությունը ոչ թե պարզապես կասկածի տակ է, այլ իր աչառու լինելն է արդեն անկասկած բոլորի համար։

«Բոլորն են հասկանում, որ նա ոչ թե դատավորի ֆունկցիա է իրականացնում, այլ ինչ-որ առումով մեղադրյալ կողմի ֆունկցիան է լրացնում»,-ասաց Չալաբյանը: Ի դեպ, նշենք, որ նիստից նիստ ավելի ու ավելի է ակնհայտ դառնում գործի «ջուր», սարքովի լինելը: Մասնավորաբար, վկաներից մեկը, որը ներկա է եղել Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե Չալաբյանը առաջարկ հնչեցրե՞լ է գումարով ուսանողներին ներգրավելու մասին, ասել է, որ նման խոսակցություն չի եղել, ավելին՝ «զարմանալի կլիներ, եթե նման առաջարկ լիներ»։

Ի դեպ, խոսելով գործով առանցքային վկա Թոռնիկ Ալիյանի մասին, որի ցուցմունքի վրա էլ «կազմվել» է գործը, նույն վկան նշել էր. «Թոռնիկ անունը հազվադեպ հանդիպող է, դրա համար էլ հիշում եմ, որ հանդիպման ժամանակ շատ հպանցիկ հիշատակվել է անունը` որպես անլուրջ, անգաղափար մարդու, որի հետ առհասարակ առնչություն ունենալ պետք չէ։ Եթե անունը Թոռնիկ չլիներ, չէի էլ հիշի»։

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում ակնհայտորեն չեն ներում Արարատ Միրզոյանին՝ թիմից երես թեքելու, ՔՊ վարչության անդամ դառնալ չցանկանալու համար։ Երեկ հաշված ՔՊ-ականներ էին ներկա Միրզոյանի՝ ԱԳՆ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը։ Մինչդեռ անցյալում Միրզոյանի յուրայիններն իշխող ուժի մի ամբողջ թեւ էին կազմում։

Երեկ մեկ ձեռքի վրա հաշված պատգամավորներ էին ներկա քննարկմանը, նույնիսկ պատկան՝ արտաքին, եվրաինտեգրման, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովների ոչ բոլոր ՔՊ-ական անդամներն էին եկել։ Արարատ Միրզոյանն էլ ընդմիջումների ժամանակ չէր շփվում կուսակիցների հետ` արագ գնում էր ԱԺ նախագահի աշխատասենյակ, նույնկերպ վերադառնում»:

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ 

Երեկ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, սկսվեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դատավարությունը: Նա մեղադրվում է վարչապետի որդուն առեւանգելու համար: Եվ չնայած մեղադրյալն ու նրա մերձավոր շրջապատն իշխանությունների պահանջով դադարեցրին նստացույցը, փոխեցին պաշտպաններին` հրաժարվելով արմատական դիրքորոշում ունեցող Ռուբեն Մելիքյանից եւ Վահան Հարությունյանից, եւ դրա դիմաց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, սակայն երեկ դատարանը կրկին որոշեց որդեկորույս մորը կալանավորել` 1 ամիս 15 օր ժամկետով։ Իսկ ո՞վ է տխրահռչակ դատավոր Մանվել Շահվերդյանը, ով պապից ավելի կաթոլիկ լինելու սկզբունքով պաշտպանում է Աշոտ Փաշինյանի շահերը:

Ի դեպ, դատավորը, հավանաբար, Աշոտ Փաշինյանի խոսքը` որ իր «մոտեցմամբ, տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ էս դեպքի համար», համարեց ուղիղ իրեն իջեցված հրահանգ եւ դա լսելով՝ կալանքի որոշում կայացրեց: Ո՞վ է դատավոր Մանվել Շահվերդյանը․ նա նշանակվել է այս իշխանությունների օրոք` 2019 թվականին: Մինչ այդ տարբեր աշխատանքներ է կատարել, անգամ դպրոցում ուսուցիչ է աշխատել: Շահվերդյանը նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով դատավորն է: Հենց նրա որոշմամբ է Տոնոյանի գործով դատական նիստն անցկացվում դռնփակ եւ երկու ամիսը մեկ անգամ: Ակնհայտ է, որ նրան հրահանգված է դատը ձգել, որովհետեւ նման ապացույցներով մեղադրական դատավճիռ չեն կարող արձակել, իսկ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ Տոնոյանը նստի: Մի անգամ էլ Շահվերդյանի անունը շրջանառվել է «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ գործով:

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե առաջիկայում պատրաստվում է «ներկայանալ» 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ավելին՝ նշել է, թե այդ ողջ գործընթացը ոչ միայն դռնբաց է լինելու, այլև ցուցադրվելու է ուղիղ եթերում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը դրանով նախապատրաստվում է նոր շոուի, որի ժամանակ մանիպուլ յացիոն նոր դոզաներ կնետի դաշտ ու մեղավորներ «նշանակելու» նոր սերիա կբեմադրի։ Մասնավորաբար, խորհրդարանական մեր աղբյուրը փոխանցում է, որ, բացի «նախկինների» թեման հերթական անգամ շահարկելուց ու նախկինում իր կողմից բարձրաձայնված «փաստերը» կրկնելուց, Փաշինյանը քննիչ հանձնաժողովում պատրաստվում է ոչ միայն պատերազմի տարբեր դրվագներով մանրամասներ հանրայնացնել, այլև բարձրաստիճան զինվորականների նոր անուններ հրապարակել, որոնք, ըստ նրա, մեղավոր են տվ յալ դրվագներում և պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Այս կերպ նա հերթական անգամ փորձելու է անվանարկել բանակն ու բարձրաստիճան սպայակազմին և այս ֆոնին «թանկով ծախել» ներկայումս իբր տեղի ունեցող բանակային ռեֆորմները՝ դրանք մատուցելով իր սիրելի աննախադեպության «սոուսով»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն թերեւս որոշել է քաղաքական գործունեություն ծավալել, քաղաքական հարցեր քննարկել՝ հոգեւորական խնդիրներով զբաղվելուն զուգահեռ: Դրա վառ ապացույցը նաեւ նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումն էր:

Բանն այն է, որ այդ քննարկմանը մասնակցել են նաեւ եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ եւ տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։ Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ զեկույցներ, ելույթներ են եղել, եւ որոշում է կայացվել շարունակել այդպիսի քննարկումները: Իհարկե, կարեւոր է, որ Հայաստանի, Արցախի շուրջ ծավալվող գործընթացներին մասնակից լինեն մեծ թվով անձինք, ուժեր, սակայն այստեղ թերեւս ամենաուշագրավն այդ ամենին հենց կաթողիկոսի մասնակցությունն է, որը միշտ է խոսել եկեղեցին քաղաքականությունից անջատ պահելու պատրաստակամության եւ կարեւորության մասին:

Հունիսի 11-ին կգումարվի միաբանական հավաք: Թեմերից Մայր Աթոռ է ժամանել մոտ 7 տասնյակ հոգեւորական: Նրանք ունեն խտացված դժգոհություն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, որի հետեւանքով Հայաստանի եւ Արցախի քարտեզները փոքրանում են:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 14–ին Շառլ Միշելը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Նա ընդգծել էր, որ խոսքն այն զինվորների մասին է, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետների և այլ իրավաբանների, Հայաստանից «մոլորված զինծառայողներ» Ադրբեջանում չկան: Ինչ վերաբերում է վերջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին, ապա նրանց մոլորված համարելը, ըստ փորձագետների, պարզապես փաստերի խեղաթյուրում է:

Փաստը մնում է փաստ, որ ադրբեջանցի զինծառայողները նպատակային են հատել սահմանը, կատարել ծանր հանցագործություն: Տարբեր գնահատականներով, Շառլ Միշելի հայտարարությունը բխում է բացարձակապես Ադրբեջանի շահերից, այն է՝ մի քանի հայ ռազմագերիների դիմաց հասնել Ադրբեջանի՝ ահաբեկչական նպատակներով ՀՀ տարածք ներթափանցած և հանցագործություն կատարած զինծառայողների վերադարձին: Այսուամենայնիվ, նույնիսկ այս պարագայում որևէ հայ ռազմագերի տուն չի վերադարձել, թեպետ Միշելի հայտարարությունից անցել է ավելի քան 3 շաբաթ: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման գործընթացի մասին տեղեկություն ստանալու համար։

Թանդիլ յանը նաև մտահոգություն է հայտնել, որ հունիսի 1-ին Քիշնևում եվրոպական առաջնորդների միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը գերիների հարցին անդրադարձն ունեցել է ընդհանրական բնույթ, և այն, ըստ էության, կոչ էր՝ առանց անդրադառնալու նախորդ հանդիպման հստակ հայտարարությանը և արդյունքներին կամ դրանց բացակայությանը։ Երեկ, երբ թերթը պատրաստ էր տպագրության, մեր տեղեկություններով, ԱԳՆ-ից պատասխան դեռ չէր ստացվել: