Մամիկոն Ասլանյան․ ազատ արձակված դասական քաղբանտարկյալ՝ «դեմոկրատիայի բաստիոնում»

Մամիկոն Ասլանյան․ ազատ արձակված դասական քաղբանտարկյալ՝ «դեմոկրատիայի բաստիոնում»

Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2 տարի 7 ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելուց հետո այսօր վերջապես ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Այդ կապակցությամբ նրա հետ նույն ՔԿՀ-ում նստած Նարեկ Մալյանը, ինչպես և խոստացել էր, սափրել է մորուքը։

Բայց սա այս իրադարձության ամենաթեթև, հումորային դրվագն է։ Իսկ խորքում ավելի ծանր մտորումների տեղիք տվող փաստեր են ընկած։ Առաջին ու գլխավոր փաստն այն է, որ Մամիկոն Ասլանյանը դասական քաղբանտարկյալ է՝ այս հասկացության միջազգային կոնվենցիաների, իրավական և տրամաբանական բոլոր հատկանիշներով։

Նա շուրջ երեք տարի անց է կացրել անազատության մեջ բացառապես մի բանի համար՝ համարձակվել է 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը՝ ՔՊ-ին հաղթելու համար։ Դրանից հետո նիկոլական իրավապահ համակարգը նրա դեմ շինծու քրեական գործ էր հարուցել, որի անունը դրել էին պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։  Այն, որ այս տարիներին նրա դեմ մեղադրանքը և իր ենթադրյալ հանցավոր արարքի վնասն այդպես էլ չապացուցվեց, դա դեռ հարցի մյուս՝ իրավական կողմն է։ Իսկ քաղաքական կողմն այն է, որ Մամիկոն Ասլանյանը երկու տարուց ավելի նստել է ոչ թե հող հանձնելու համար, այլ «հող օտարելու», որը, ինչպես այսօր ինքը «Վարդաշենի» դիմաց ասաց՝ հենց համայնքապետի լիազորությունն ու գործառույթն է եղել։ Իսկ այ հող հանձնելը որևէ մեկի լիազորությունն ու գործառույթը չի եղել։ Բայց Մամիկոն Ասլանյանին ուղղակի կամ անուղղակի ցուցումով բանտ ուղարկածները այս տարիներին հասցրել են հող հանձնել ու հազարավոր մարդկանց նաև հողին հանձնել ու դրա համար որևէ տեսակի պատասխանատվություն չկրել՝ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական։ 

Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ էր պահում մի երիտասարդ դատավոր՝ Սարգիս Դադոյան անունով։ Նրան Ասլանյանն այսօր չանդրադարձավ, ասաց՝ ոչինչ չունի ասելու, բայց նրան, հավանաբար կամ վստահաբար, դեռ կանդրադառնան երկու ընկերների տանդեմը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, երբ նրա դեմ էլ մի կարգապահական վարույթ հարուցեն և զրկեն դատավորի լիազորություններից, ինչպես այսօր վարվեցին Ռոբերտ Քոչարյանի գործը քննած Աննա Դանիբեկյանի հետ։ Ու այդ տղան՝ Սարգիս Դադոյանը, ևս իր մաշկի վրա կզգա նիկոլական արդարադատության ողջ պերճանքն ու թշվառությունը, որը մաս է կազմում նաև ինքը։

Իրականում, «դեմոկրատիայի բաստիոն» ինքնահռչակված Հայաստանի Հանրապետությունում Մամիկոն Ասլանյանի, Արմեն Աշոտյանի և մյուս քաղաքական դեմքերի պես կալանավորներ ունենալը իրական ամոթ է և խայտառակություն ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջև։ Միայն Մամիկոն Ասլանյանի դեպքը հերիք է, որ Հայաստանը խայտառակվի միջազգային հանրության աչքի առջև, քանզի բազմաթիվ մարդասպանների, իրական թալանչիների այս իշխանության դատական համակարգը թողնում է ազատության մեջ, իսկ Մամիկոն Ասլանյանին շուրջ երեք տարի պահում է կալանքի տակ ինչ-որ հողերի օտարման համար՝ մեկուսացնելով նրան ընտանիքից, հարազատներից և հասարակությունից։ Ի վերջո, դասական ձևակերպմամբ էլ քաղաբանտարկյալ է նա, որի նկատմամբ քրեական հետապնդում են սկսում կամ կալանավորում են այն դեպքում, երբ համանման այլ գործով մեկ այլ անձի նկատմամբ կամ քրեական հետապնդում չեն նախաձեռնում կամ նախաձեռնելու դեպքում կալանքի չեն տանում և այլ խափանման միջոց են ընտրում։  

Այս ամենը քաջ գիտակցում են նաև դատական համակարգի շատ ներկայացուցիչներ, որոնք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ Մամիկոն Ասլանյանի դեպքը, այո, իրապես անընդունելի է իրավական պետության տեսանկյունից և պարունակում է քաղբանտարկյալի հատկանիշներ, բայց, հասկանալի պատճառներով, այդ մասին չեն բարձրաձայնում։

Հուսանք՝ Նիկոլ Փաշինյանին բերած, նրան իշխանության պահող և նրա բոլոր ապօրինություններին ծափահարող միջազգային հանրությունը, արևմտամետ ՀԿ-ները և արևմտյան քաղաքական կառույցները գոնե կունենան համարձակություն այս ամենի մասին բարձրաձայնելու և հստակ գնահատականներ հնչեցնելու Մամիկոն Ասլանյանի քեյսի և նրա՝ ակնհայտ քաղաքական բանտարկյալ լինելու, նրան բացառապես քաղաքական դրդապատճառներով 2 տարի 7 ամիս կալանքի տակ պահելու վերաբերյալ։

Վահե Մակարյան