Փաշինյանի նախկին «ախռանիկը» նոր պաշտոն ունի (տեսանյութ)

Փաշինյանի նախկին «ախռանիկը» նոր պաշտոն ունի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին սարսափեցրած «Դվինի» հայտնի հրավառության պատճառով ՊՊԾ պետի պաշտոնից ազատված Սարգիս Հովհաննիսյանը նոր պաշտոնի է նշանակվել։ MediaHub-ը տեղեկացավ, որ Հովհաննիսյանն այսօր զբաղեցնում է «Երևան ՋԷԿ»-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։ 

Մի քանի օր առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել էր «Երևան ՋԷԿ», որտեղ նրան, ինչպես ֆիքսեց MediaHub-ը, տանտիրոջ կեցվածքով ուղեկցում էր հենց ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը։ Պարզվեց՝ Փաշինյանի անվտանգության նախկին ղեկավարը այսօր էլ ՋԷԿ-ում տնօրենի տեղակալ է աշխատում։ 

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը Սարգիս Հովհաննիսյանին Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատել էր դեռ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին։ Մամուլը գրեց, որ ազատման պատճառը դրանից մի քանի օր առաջ «Դվին» հյուրանոցի տանիքում միջոցառման ժամանակ գիշերվա կեսին տեղի ունեցած հրավառությունն էր, որի ձայներից վախեցել ու սարսափահար էր եղել հարևանությամբ բնակվող Նիկոլ Փաշինյանը։ Ըստ մամուլի, հաջորդ օրը նա զայրույթի նոպաներ էր ունեցել, ինչի հետևանքով պաշտոնից ազատվել էր ՊՊԾ պետը, քանի որ վերջինս չի կարողացել կանխել Փաշինյանի քթի տակ իրականացվող հրավառությունը, որի ձայները պատերազմի ժամանակ իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանին հրետակոծության ձայներ էին հիշեցրել, ու նրան թվացել էր, թե «նախկինները թնդանոթներով» հարձակվել են իր վրա։ 

Սարգիս Հովհաննիսյանն, ի դեպ, Փաշինյանին հավատարմորեն ծառայող ՊՊԾ պետ էր և այս տարիներին ամբողջ հոգով նվիրված՝ «ախռանիկություն» էր անում իր «տիրոջ» համար։ Նա այնքան նվիրված էր Փաշինյանին, որ պատրաստ էր բոլորի հետ կռվի բռնվել, անգամ լրագրողներին քացի տալ, միայն թե կանխի շեֆին մոտենալու ցանկացած փորձ։ Հիշեցնենք, Հովհաննիսյանը, որոշելով երևի թե ընդօրինակել կամ գերազանցել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին քացի տալու հարցում, 2022 թվականի մայիսի 2-ին Բաղրամյան պողոտայում հարձակվել ու քացի էր տվել MediaHub-ի օպերատորին։ Բնականաբար, իրավապահները դրան որևէ ընթացք չտվեցին, փոխարենը Նիկոլ Փաշինյանը, բնավորության համաձայն, «փուռը տվեց» իր հավատարիմ մարդուն՝ նրան պաշտոնանկ անելով իր վախերը չկանխատեսելու և հրավառությունը չկանխելու համար։ 

Նշենք, որ Ազգային ժողովում էլ Սարգիս Հովհաննիսյանը իրեն շատ վատ էր պահում թե՛ ընդդիմադիր պատգամավորների, թե՛ լրագրողների հանդեպ՝ նրանց հետ շատ կոպիտ, վայրենի տոնայնությամբ շփվելով, պարբերաբար վեճի բռնվելով նրանց հետ։ Հուսանք՝ «Երևանի ՋԷԿ»-ում մի քիչ հանդարտված կլինի Փաշինյանի նախկին «ախռանիկը»։ 

Տեսանյութն այստեղ

Վահե Մակարյան