ՓԾ պետ Գասպարյանը պաշտոնանկ կարվի, նրան կփոխարինի փոխոտիկանապետ Ցուցուլյանը

ՓԾ պետ Գասպարյանը պաշտոնանկ կարվի, նրան կփոխարինի փոխոտիկանապետ Ցուցուլյանը

MediaHub-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության պետ Արմեն Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, նրան կփոխարինի ՀՀ ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Ինչպես արդեն հայտնի է՝ իշխանությունները մտադիր են Ոստիկանությունում մի շարք փոփոխություններ իրականացնել։ Մասնավորապես, նախատեսվում է Ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության եւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման հենքի վրա ձեւավորել Ոստիկանության գվարդիա:

Մեկ այլ փոփոխությամբ էլ մտադիր են ստեղծել Ներքին գործերի նախարարություն, միավորելով Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՀՀ Ոստիկանությունը եւ Միգրացիոն ծառայությունը։

Թեպետ Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռեւս 4 ամիս կշարունակի գոյություն ունենալ՝ այս փոփոխությունների ընթացքը, ինչպես Փաշինյանն է ասում, անցնցում ապահովելու համար, այդուհանդերձ պաշտոնյանների նշանակումներն կուլիսներում արդեն արվել են։

Կառավարության առաջիկա նիստին Փաշինյանը կհայտարարի Ներքին գործերի նախարարի անունը։ Ըստ մեր տեղեկությունների՝ ՆԳ նախարար կնշանակվի Վահե Ղազարյանը։

ՔՊ-ականներին անհանգստացնում է այն փաստը, որ ոստիկանության աշխատակիցներն են հիմնականում լինելու նոր ձեւավորվող նախարարության ղեկավար կազմում։ Ավելին, որոշ ՔՊ-ական պատգամավորներ դեմ են արտահայտվում Վահե Ղազարյանի ՆԳ նախարար դառնալուն, նշելով, որ այդ պաշտոնին պիտի լինի իրենցից մեկը, այսինքն՝ կուսակցական։ ԱԻՆ-ում էլ մտահոգված են՝ Արմեն Գասպարյանի պաշտոնանկությամբ։ Ի դեպ, Գասպարյանը մինչեւ փրկարարական ծառայության պետ նշանակվելը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետն էր, ոստիկանության կադրերի ռեզերվ ուղարկվեց 2020 թվականի նոյեմբերի 10-ին։