ՔՊ-ականները նույնքան չեն վստահում Փաշինյանին, որքան ինքը` նրանց, Ինչո՞ւ է փակվում «Կակտուս» ռեստորանը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
ՔՊ-ականները նույնքան չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, որքան ինքը` նրանց։ Գաղտնիք չէ, որ կառավարության ղեկավարը խորհրդարանական թիմակիցների հետ փակ հանդիպումներին հրահանգում է առանց հեռախոսների մասնակցել, եթե չասենք՝ հավաքել է տալիս բոլորի հեռախոսները՝ մտավախություն ունենալով, որ կձայնագրեն, ինֆորմացիոն արտահոսքեր կլինեն։
ՔՊ-ական աղբյուրների պատմելով՝ նույնպիսի անվստահություն է նաեւ պատգամավորների շրջանում` առ Փաշինյանը, ումից ինչ ասես սպասում են թիմակիցները:
Օրինակ, վերջին հանդիպումների ժամանակ, երբ օրակարգում ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցն էր քննարկվում, ակնհայտ հակառուսական կամ եվրոպամետ ելույթներ գրեթե չեն հնչել: Թերեւս հակառակը` սորոսականի համարում ունեցող արեւմտամետ պատգամավորներից շատերը կա՛մ չեն մասնակցել այդ հանդիպումներին, կա՛մ ընդգծված զգուշավորություն են դրսեւորել՝ կասկածելով, որ այդ հանդիպումները տեսաձայնագրվում են, եւ հետագայում իրենք կարող են տհաճ իրավիճակներում հայտնվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին կրկին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննել: Նախաքննական մարմինը Վարդազարյանից պահանջել է իր եւ Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ամբողջական տարբերակը, սակայն Ռուբեն Վարդազարյանը կրկին հրաժարվել է այն տրամադրել:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկության էր մտել ԲԴԽ նախկին նախագահ Վարդազարյանի տուն՝ փնտրելով ամբողջական ձայնագրությունը, որտեղ ուշագրավ հատվածներ կան:
Ինչու՞ են հիմա հիշել իրավապահները ձայնագրության ամբողջական տարբերակի մասին, հատկապես երբ Հակակոռուպցիոն կոմիտեի թեթեւ ձեռքով այդ գործը կարճվել էր, ու միայն Վարդազարյանի համառության շնորհիվ է վերաբացվել: Մինչ այդ փաստացի անգործունակ եղած Հակակոռուպցիոն կոմիտեն նոր թիրախներ է փնտրում:
Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից»:
Հրապարակ» օրաթերթը գրում է․
Հարկատուին թիվ 1 հերոս հռչակած ու եկամտահարկերը վճարել չցանկացող խոպանչիներին «օդերով հանող» Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, պարզվում է, 2022 թվականին շուրջ 600 հազար դրամի հարկ է թաքցրել: Սա պարզել է աուդիտորական կազմակերպությունը՝ ՔՊ-ի պատվերով։ «Թրանս աուդիտ» ՓԲԸ տնօրեն Հայկ Մարգարյանի եւ առաջադրանքի պատասխանատու Նելլի Սարգսյանի կողմից ՔՊ կուսակցության ղեկավարությանը հասցեագրված «գաղտնի» մակնշմամբ նամակում, ի թիվս մի շարք դիտարկումների, ասված է.
«Հաշվետու տարվա եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում վարձակալական վճարների վերաբերյալ տվյալները ներկայացվել են անճշտություններով, մասնավորապես՝ հունվար, մարտ, ապրիլ եւ դեկտեմբեր ամիսների հաշվարկներում վարձակալական վճարներից եկամուտներ ստացող անձանց լրացված թվաքանակը չի համապատասխանում այդ ամիսներին փաստացի եկամուտ ստացած անձանց թվաքանակի հետ: Ինչպես նաեւ, հունիս եւ դեկտեմբեր ամիսների հաշվարկներում վարձավճարների ընդհանուր գումարը պակաս է հայտարարագրվել, համապատասխանաբար` 222 222 ՀՀ դրամով եւ 5 907 778 ՀՀ դրամով, ինչի արդյունքում կուսակցության կողմից ֆիզիկական անձանց վճարված վարձավճարների գծով պակաս է հայտարարագրվել եւ պետական բյուջե պակաս է վճարվել 613 000 ՀՀ դրամի չափով եկամտային հարկ»:
Այսինքն՝ ստացվում է, որ ՔՊ-ն կեղծ թվեր է հայտարարագրել, որի հետեւանքով 600 հազար դրամ պակաս հարկ է վճարվել պետական բյուջե։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ փակվում է Երևանի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Կակտուսը»:
«Փաստ» թերթը փորձեց ճշտել, թե արդյո՞ք մեքսիկական այդ ռեստորանն իսկապես փակվում է: Պարզվեց, որ այն գնել է գործարար Նարեկ Նալբանդյանը: Ավելին, մեր տեղեկություններով, ռեստորանն իրոք այլևս չի գործելու, իսկ դրա տարածքում բացվելու է Նալբանդյանի նորաբաց «ԷյթիԷյթ» ցանցի սուպերմարկետներից մեկը:
Ի դեպ, նշենք, որ «Կակտուս» ռեստորանը, մեր ունեցած տեղեկություններով, կապվում է այժմ ադրբեջանական գերության մեջ գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ: