Սոսի ու կաղնի էլ ենք տնկելու, միայն սակուրա չէ․ Բեգոյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է ծառերի փոխարինումը։

«Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը տեղեկացրեց, որ տարվա սկզբում գիտաժողով է եղել, որտեղ քննարկվել է տնկվելիք ծառերի ցանկը։

«Մասնագետներին ուղարկել ենք հրավեր, ներկա էին ոլորտի ամենաբարձր կոչում ունեցող ներկայացուցիչները։ Քննարկման թեման երեք հարցերի շուրջ էր՝ կենսունակությունը կորցրած ծառերի հարցը, դեֆորմացված ծառերի խնդիրն ու ինվազիվ ծառերի հարցը։ Բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին որոշում, ավելին՝ հորդորեցին մեզ օր առաջ սկսել այդ ծառերի փոխարինման աշխատանքները»,- ներկայացրեց նա։

Ըստ Բեգոյանի՝ մարտի 23-ին մեկնարկել են աշխատանքները։ Նախ, Մոսկովյան փողոցում են աշխատանքներ տարվել, այդ հատվածում սակուրաներ պետք է տնկվեին։ 

«Ծառատեսակների մեջ սակուրան կազմում է 5%, մնացյալն ավելի մեծ սաղարթով ծառատեսակներ են, ինչպիսիք են՝ սոսի, կաղնի։ Աշխատանքների մեկնարկելուց հետո եղան շահարկումներ, ասացին, թե փորձում ենք քաղաքը սակուրաներով պատել։ Բայց այդպես չէ։ Ձեռք ենք բերել ընդամենը 150 սակուրա, բայց ընդհանուր առմամբ, տնկելու ենք 2500 ծառ»,- տեղեկացրեց նա։

Նա Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը մեղադրեց ուղղորդված արշավի մեջ։

«Նրանք ֆեյսբուքյան գրառումներով ու իրենց հետ կապ ունեցող լրատվական կայքերով տարածեցին ինֆորմացիա, թե հասեք, փրկեք, Երևանի քաղաքապետարանը հասուն ծառեր է տապալում։ Քրիստինե Վարդանյանն էր այդ հայտարարությունն արել առաջինը, հետո նա տեղեկացրեց, որ այո՛, այդտեղի ծառերը ենթակա էին հատման ու փոխարինման։ Հետո պարզ դարձավ, որ նա համաձայն չէ ընտրված ծառատեսակի հետ։ Բակը նեղ է այդ շենքերի մոտ, դրա համար ենք սակուրա ընտրել»,- ներկայացրեց Արմեն Բեգոյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։