Երեկ Ադրբեջանի դատախազությունը պահանջեց ցմահ ազատազրկում Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցների համար (տվյալ պարագայում որևէ տարբերություն չկա ցմահ ու 20 տարվա ազատազրկումների միջև), սակայն ՔՊ-ականներն առ այս պահը մեծամասամբ խուսափում են գերի բառից ու օգտագործում «Բաքվի բանտերում պահվող» բազմիմաստ ու ադրբեջանահաճո արտահայտությունը։ Այն, որ մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում, դա փաստ է, որը անհնար է հերքել, բայց թե ինչո՞ւ են այնտեղ, դրա գնահատականը ոչ մի կերպ չի հնչում ՔՊ-ականների բերանից։
Բանտերում մարդիկ կարող են պահվել տարբեր պատճառներով՝ սկսած մանր խուլիգանությունից մինչև ծանր հանցագործություն, օրինակ՝ Շուշիի բանտում էին պահվում ադրբեջանցի այն երկու մարդասպանները, որոնք Քարվաճառում սպանել էին հայերի, այդ թվում անչափահաս տղայի։ Նրանց Նիկոլ Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին ու նրանք իրենց հայրենիք վերադարձան «հաղթածի» գիտակցությամբ։ Հայաստանի բանտում էր պահվում այն ադրբեջանցի մարդասպանը, որը Սյունիքում սպանել էր մեր հայրենակցին միայն նրա համար, որ նա հայ է ու ում կրկին Նիկոլ Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին։ Հունգարիայի բանտում էր պահվում Ռամիլ Սաֆարովը, որը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին ու Ադրբեջան վերադարձավ «հերոսի» դափնեպսակով։ Երևանի բանտում են պահվում 44-օրյա պատերազմում Արցախի դեմ ոճրագործություն իրականացրած վարձկանները, ու Նիկոլ Փաշինյանը նրանց չի հանձնում միայն այն պատճառով, քանի որ պահանջող չկա, չգիտի ո՞ւմ նվիրաբերել։
Իսկ գերին ամենևին հանցագործ չէ ու պաշտպանված է միջազգային կոնվենցիաներով։ Հետևաբար երբ ՔՊ-ն մեր գերիներին անվանում է «Բաքվի բանտերում պահվողներ», նրանց հավասարեցնում է մատնանշած բոլոր հանցագործներին, թողնում Ադրբեջանի քմահաճույքին ու եթե նույնիսկ կնքվի այդ չարչրկված «խաղաղության պայմանագիրը», դա ամենևին չի երաշխավորում նրանց վերադարձը, քանի որ ՀՀ իշխանությունները պաշտոնապես հրաժարվել են նրանցից։ Եթե վաղը Ադրբեջանի դատարանը բավարարի դատախազի միջնորդությունը ու մեր հայրենակիցներին դատապարտի ըստ պահանջված պատժամիջոցների, ապա դրանում իրենց մեղքի մեծ բաժինը կունենան նաև ՀՀ իշխանությունները, որովհետև Հայաստանը դարադել է պահանջատեր լինելուց նույնիսկ այդ հարցում, Հայաստանն իրեն զրկել է միջազգային ատյաններում հանդես գալուց՝ ընդդեմ Ադրբեջանի, Հայաստանի իշխանությունները դադարել են այդ մարդկանց գերի համարելուց։ Հայաստանի իշխանություններն իրենց զրկել են ցանկացած լեգիտիմությունից։
Երբ այսօր ոմն ՔՊ-ական Ազգային ժողովում խմբակցությունների ճեպազրույցների ժամին հայտարարում է, որ «խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ կստեղծի մեր հայրենակիցների վերադարձի համար», ապա ընդամենը զզվանք է առաջացնում, որովհետև նախ խաղաղության մթնոլորտը հաստատվում է տասնյակ տարիների ընթացքում, որովհետև պայմանագիրն ու մթնոլորտը տարբեր բաներ են։ Առաջինն ընդամենը փաստաթուղթ է, իսկ մթնոլորտը՝ տևական գործընթաց։ Հաշվի առնելով Ալիևի ներկայացրած պահանջների ողջ ծավալը, այդ մթնոլորտը երբևէ չի էլ հաստատվելու։ Երկրորդ՝ մեր գերիներին հետ բերելու հստակ հրամայականը, իրավական գործընթացը, պահանջատիրությունը վերածվում է մի ողորմելու ու խղճուկ քննարկման։
Իհարկե, կարևորագույն խնդիրը մեր հայրենակիցների վերադարձն է, ու տվյալ պարագայում ողջունելի կլինի, եթե այդ հարցով Նիկոլ Փաշինյանը նույնիսկ «ընկնի» Ալիևի ոտքերը (հատկապես, որ դա նորություն չի լինի), էլի եմ շեշտում, որ տվյալ պարագայում, եթե անգամ այդ գնով մեր հայրենակիցները վերադառնան, ապա սա կլինի այն բացառիկ դեպքը, որ որևէ մեկը բարոյական իրավունք չի ունենա ասելու, որ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ստորացավ Ալիևի առաջ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանի աչքում մեր հայրենակիցները ճիշտ այնպիսի «հանցագործներ» են, ինչպես Ալիևի ու «իրական Հայաստանում» նրանք տեղ չունեն։
Հատկանշական է, որ Բաքվում ընթացող դատավարության ավարտի մասին տեղեկությունը ստացվեց երեկ, ու եթե այսօր չլիներ լրագրողի հարցը, իշխանությունների կողմից կրկին որևէ արձագանք չէր լինի։
Կարեն Կարապետյան
