Ե՞րբ էր Նիկոլ Փաշինյանն անկեղծ, երբ գոռում էր «կեցցե Արցախը», թե՞ երբ հայտարարում է՝ «կեցցե հեծանիվը»

«Ախ, երկու հոգի ունեմ կրծքիս տակ, որոնք իրարից զատվել են ուզում»,-բողոքում էր Ֆաուստը նախքան Մեֆիստոֆելին հանդիպելը։ Այս բացականչությունից պարզ է դառնում, որ նա տառապում էր անձի երկտվությամբ։ Անձի երկտվությամբ էր տառապում նաև Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը»։ Սակայն թե՛ Գյոթեի, թե՛ Հեսսեի ստեղծագործությունները գեղարվեստական գլուխգործոցներ են, որոնցով կարող ենք ընդամենը հիանալ, սակայն դրանք դժվար ճակատագրական հետք թողնեն մեր կյանքի վրա այնպես, երբ անձի երկտվությամբ տառապում է պետության ղեկավարը։ Եթե դրան էլ գումարվում է արժեհամակարգից զուրկ լինելը, վերջնաարդյունքը լինում է աղետալի։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «կեցցե Արցախը, Արցախը Հայաստան է ու վերջ», հետագայում նրա միակ դավանանքը դարձավ հեծանիվը ու այսօր նույն պաթոսով գոռում է՝ «կեցցե հեծանիվը»։ Նույն Փաշինյանը Հայաստանը համարում էր ժողովրդական բաստիոն ու ինքնամոռաց գոռում էր, որ «ոստիկանը մերն է»։ Այսօր այդ նույն ոստիկանը վերածվել է իշխանական մահակի, իսկ ժողովրդավարական բաստիոնը՝ բռնապետության։
Մի կողմ թողնենք «Արցախը Հայաստան է ու վերջ» բացականչության քաղաքական վտանգավորությունը, այդ մասին շատ է խոսվել ու անդրադառնանք, թե իր ո՞ր մոտեցումներում էր Նիկոլ Փաշինյանն անկեղծ: Իմ կարծիքով՝ երկու դեպքում էլ նա այդ պահին ասում էր այն, ինչ մտածում էր։
Այս հոգեպես անհավասարակշիռ վիճակը աղետ է պետության ու հասարակության համար, աղետ, քանի որ ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը տառապում է անձի երկտվությամբ, իսկ գաղափարազրկությունը էլ ավելի է նպաստում այդ երևույթի խորացմանը։ Նա չունի կարմիր գծեր, չունի պատկերացում քաղաքականության մասին, չի դավանում որևէ արժեհամակարգի ու գաղափարախոսության, չունի քաղաքական լուրջ կենսագրություն, չունի նաև ապագայի մասին հստակ ծրագիր։
Ողբերգությունը խորանում է նրանով, որ միաժամանակ անսահման փառասեր է, իշխանատենչ, զուրկ մարդկային զգացմունքներից ու էլ ավելի զավեշտալի է, որովհետև նա անկեղծ է իր բոլոր դրսևորումներում։ Որպես լուրջ խնդիրներով տառապող մարդ, նա անկեղծորեն հավատում էր, որ Արցախը Հայաստան է, այնուհետև անկեղծորեն զղջում էր, որ ավելի շուտ չի հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, նա անկեղծորեն Հայաստանը համարում է ժողովրդավարական բաստիոն ու անկեղծորեն խոշտանգումների է ենթարկում մարդկանց։
Հուսամ շատ մոտ ապագայում հանրությունն ամբողջովին կգիտակցի իրավիճակի անսահման ողբերգականությունը, որը վաղուց հասկացել են միջազգային գործընկերները, քանի որ չկա որևէ պետության ղեկավար, որը Նիկոլ Փաշինյանին համարի պայմանավորվածություն պահող։ Նա այդ նույն պայմանավորվածությունները խախտում է ճիշտ այնպիսի անկեղծությամբ, ինչպիսի անկեղծությամբ դրանք ձեռք էր բերել։
Նաև հուսանք, որ ողբերգականությունը ընկալելուց հետո հասարակությունը համախմբված դուրս կգա փողոց ու փողոցը կհեռացնի նրան, ում ինքն էլ ժամանակին բերել էր։ Հանուն մեր ներկայի ու ապագայի, հանուն մեր երեխաների ներկայի ու ապագայի, ազգովի պետք է ձգտենք նրան, որ յուրաքանչյուրը հայտնվի իր արժանի տեղում՝ պետական գործիչը պետության ղեկին, հանցագործը՝ բանտում, առողջական խնդիրներ ունեցողը հիվանդանոցում, քանզի երբ բախվում ենք տեղափոխության, քաղում ենք նաև դրա դառը պտուղները։
Կարեն Կարապետյան