Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետ Փաշինյանին զեկուցվել է ֆոնդի կողմից իրականացվող ծրագրերի և ներդրումային պորտֆելի մասին։ Նշվել է, որ ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության արդյունքում, համատեղ ծրագրերով, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է ընդհանուր առմամբ 214 մլն ԱՄՆ դոլար, 2021-2022թթ. ստեղծվել և պահպանվել է շուրջ 800 աշխատատեղ։
Ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից մեկը՝ ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերությունն անցած տարվա հունիսից սկսել է իրականացնել չվերթներ։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 4 ուղղությամբ, առաջիկայում նախատեսվում են ևս 3 նոր չվերթներ: Ընթացքի մեջ են ԱՆԻՖ-ի և արաբական «Մասդար» ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Առաջիկայում կավարտվի կայանի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, որից հետո նախատեսվում է հայտարարել կայանի կառուցման շինաշխատանքների իրականացման մրցույթ: