Ես գործարար կին չեմ, ես թոշակառու կին եմ․ Հերմինե Նաղդալյան

Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով բարեգործական ընթրիք, որին մասնակցելու համար գործարար կանայք պետք է 1 մլն դրամ վճարեն։
Ընթրիքը կայանալու է ապրիլի 14-ին։
Քանի որ ԱԺ նախկին փոխնախագահ, կարկառուն հանրապետական Հերմինե Նաղդալյանի անունը մշտապես կապվել է բիզնեսի հետ, ու մեզ ասացին՝ «հիմա էլ նա և նրա ամուսինը ակտիվորեն ներգրավված են բիզնեսում», MediaHub-ը հետաքրքրվեց տիկին Նաղդալյանից, թե մասնակցելո՞ւ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանի տիկնոջ նախաձեռնած ընթրիքին։
«Ես գործարար կին չեմ, ես թոշակառու կին եմ»,- ասաց Նաղդալյանը՝ նշելով, թե բիզնեսով չի զբաղվում։
Ինչ վերաբերում է նրան, որ իր ամուսնուն պատկանող շինարարական ընկերությունը դեռ շարունակում է գործել ու տենդերներ շահել նաև այս իշխանությունների օրոք, Նաղդալյանն ասաց․
«Չէ, չի շահում։ Մի քանի տարի առաջ մի երկու բան շահել է, վերջում էլ չի շահում»։
Նաղդալյանը չէր ցանկանում խոսել ու ծավալվել իր մասին, թե ինչով է զբաղվում հիմա, քանզի ինքն այլևս պաշտոնատար անձ չէ, քաղաքական դեմք չէ այլևս և ժամանակին հայտարարություն է արել, որ դուրս է գալիս քաղաքականությունից, թեպետ ասաց՝ ՀՀԿ-ից դուրս չի եկել և շարունակում է մնալ ՀՀԿ անդամ։
Վահե Մակարյան