«Զինվորը սննդով ապահովված է»․ ՊՆ-ն հորդորում է դադարեցնել սննդի հավաքագրումը, կամավորները՝ հրաժարվում

Սեպտեմբերի 13-ին թշնամին հերթական անգամ սադրանքի դիմեց՝ այս անգամ հարվածի տակ առնելով ՀՀ սուվերեն տարածքը։ Եվ, ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այս անգամ էլ թիկունքը ժամերի ընթացքում համախմբվեց և սկսեց անհրաժեշտ իրեր հավաքագրելն ու սահման ուղարկելը։

«Հստակ տեղեր գիտենք, թե որտեղ ինչի կարիք կա։ Մեր ծանոթ զինվորները զանգում, ասում են, որ, օրինակ, այստեղ ունենք քնապարկի կարիք, ռացիայի կարիք, սննդի, հիգիենայի պարագայի կարիք, կամ դեղերի։ Այդ ամենը մենք հավաքագրում ենք, էլի մեր ծանոթներով ու ուղարկում ենք»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց հավաքագրման կազմակերպիչներից Լեոնիդ Զալիբեկյանը։


Նրա խոսքով՝ իրենք գիտեն, որ զինվորն այս պահին որոշակի առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունի, իսկ ահա ՊՆ-ն իրենց հորդորում է դադարեցնել ապրանքների հավաքագրումը, քանի որ դրա կարիքն այս պահին չկա, թեև իրենք հակառակում են վստահ։

ՊՆ-ից էլ վստահեցնում են՝ զինծառայողներն ապահովվում են անհրաժեշտ սննդով, հագուստով և այլ պարագաներով:

«Կոչ ենք անում դադարեցնել բոլոր դրամահավաքները, փողոցներում սննդամթերքի և այլ տարատեսակ պարագաների հավաքագրումը: Պաշտպանության նախարարությունը կոչ է անում դադարեցնել այդօրինակ բոլոր միջոցառումները: Մենք նաև նշել էինք, և այժմ ևս նշում ենք, որ բարձր ենք գնահատում մեր քաղաքացիների պատրաստակամությունը՝ աջակցելու բանակին: Չհամաձայնեցված գործողությունները կարող են ժամանակի, ինչպես նաև նյութական ռեսուրսների վատնման կամ չարաշահման հանգեցնել` չտալով անհրաժեշտ արդյունք: Իրավապահ մարմինները հայտնաբերել են մի շարք ինքնագործունեության դեպքեր։ Չարաշահումների կանխման ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում»,- մեզ հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա տեղեկացրեց, որ նշված հարցերը համակարգելու համար ՊՆ պատասխանատու պաշտոնյաները պաշտպանության նախարարի օգնականներն են, հեռախոսահամարները հանրայնացված են ՊՆ պաշտոնական կայքէջում (հեռ.՝ 091 91 11 23 ; 044 35 54 34):