Միշելի «միջանցքային» ակնարկը

Միշելի «միջանցքային» ակնարկը

«Քննարկումներ են ընթանում տրանսպորտային կապի տարբեր մոդելների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը կապելու են Նախիջևանի հետ։ Նախագահ Ալիևը բազմիցս հստակ հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Բայց կոնկրետ մոդելների մասին քննարկումներ կան։ Պետք է լինի այնպիսի մոդել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխախտվի»,- հարցազրույցում ասել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Միշելը խիստ ուշագրավ հայտարարություն է անում, ըստ էության՝ բացահայտելով, որ Հայաստանի իշխանությունը ձախողվել է նաև, այսպես ասած, «միջանցքային» օրակարգում:
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ամիսներ շարունակ Հայաստանի հասարակությանը «կերակրում» են, որ իրենց հակառուսական դեմարշը պայմանավորված է այն հանգամանքով, թե իբրև գործող իշխանությունը երկրի «ինքնիշխանականության» օրակարգի կրող է: Այլ խոսքով, իշխանությունը պնդում է, թե Ռուսաստանը Հայաստանից միջանցք է ուզում և հենց այդ պատճառով է Փաշինյանը «փակել» Մոսկվայի դուռը և «փրկիչներ» փնտրում Արևմուտքում:

Իհարկե, իշխանություններն իրենց ասածը որևէ փաստարկով չեն հիմնավորում, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չէր ենթադրում, այսպես կոչված, արտատարածքային միջանցք, այլ նախատեսում էր «միջանցքից ցածր, ճանապարհից ավելի» կարգավորում, այլ խոսքով՝ տրանսպորտային հաղորդակցություն՝ ռուսական վերահսկողությամբ:

Ալիևը շարունակ պնդում է, որ Ադրբեջանի քաղաքացիները դեպի Նախիջևան պետք է գնան պարզեցված ռեժիմով կամ առանց ստուգումների:
Միշելն, ըստ էության, ընդունում է Ադրբեջանի նախագահի պահանջի լեգիտիմությունը, որովհետև ԵՄ խորհրդի նախագահի «տրանսպորտային կապի տարբեր մոդելների» մասին հիշատակումն, ըստ էության, հուշում է, որ խոսքը ոչ թե սովորական կոմունիկացիայի մասին է, այլ մոտավորապես այնպիսի կարգավորման, որը տեղ էր գտել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

Տարբերությունը, թերևս, այն է, որ Բրյուսելի պատկերացմամբ՝ ռուսական վերահսկողությունը կփոխարինվի միջազգային այլ մեխանիզմով:
Ստացվում է՝ Փաշինյանի «ինքնիշխանական» օրակարգը որևէ կապ չունի Հայաստանի իրական սուվերենության հետ ու սովորական պրովինցիալ հակառուսականություն է:

Վահրամ Բագրատյան