Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Չի՞ վստահում իր ձեւավորած ՊՊԾ-ին, ՔՊ-ն 4-րդ քաղաքական ժողովը կանի․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական ժողով կանի: Կուսակցության քաղաքական ժողովի օրը նախնական որոշված է հունիսի 22-ը, իսկ ժողովի անցկացման տեղի հետ կապված դեռ վերջնական որոշում չկա:

Սովորաբար, դրանք տեղի են ունենում Երեւանից դուրս: ՔՊ քաղաքական ժողովը կտեւի 2 օր:

Սա թվով 4-րդ քաղաքական ժողովն է ՔՊ-ի. նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին:

Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ: Դրանց պարտադիր մասնակցում են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները, լինում են նաեւ հրավիրյալներ, իսկ օրակարգը հաստատում է վարչությունը:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ, մեր տեղեկություններով, ԱԺ շենքի ներսում մարտական ավտոմատներով Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել է միանգամից 4 ուժային կառույց՝ ԱԱԾ 2 ստորաբաժանում՝ «Ալֆան» եւ նորաստեղծ հատուկ ջոկատայինները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները, ՊՊԾ-ն։ Ամերիկյան մարտաֆիլմերում անգամ նման բան չես տեսնի։ Իրավապահ համակարգում ասում են՝ նախկինում նման բան երբեւէ չի եղել:

Իսկ ինչո՞վ չի բավարարել Փաշինյանին իր ձեւավորած ՊՊԾ-ն: Պատճառը թերեւս նրա կասկածամտությունն է` վստահ չէ, որ մի կառույցը պատշաճ կծառայի: Փորձում է Վահե Ղազարյանի, Արմեն Աբազյանի, Արմեն Գասպարյանի նվիրվածությունը եւ մի կառույցով վերահսկում մյուսին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հյուրախաղերով կամ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահում է գրեթե 2 տարի։

2 տարվա ընթացքում ՀՀ նախագահի «գոյության ձայնը» հազվագյուտ է լսվել։

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների վրա կիրառելով անթույլատրելի տեսակի նռնակ՝ այդ թվում եւ բեկորային, փորձ արվեց «ցրելու» «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին, եւ ընդամենը մեկ օր անց միայն լսվեց ՀՀ նախագահի ձայնը, այն էլ` կրկին ոչ հուսադրող բովանդակությամբ։

«Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել. մենք զգուշացրել ենք` զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի՛ արեք, բայց իրենց պահվածքն այլ էր։ Այսօրվա միտինգի կազմակերպիչներն այլ տրամաբանության մեջ են աշխատում։ Իրենց չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է», – ասել է Խաչատուրյանը։

Հայաստանում «ժամանակ անցկացնող» նախագահը 2023 թվականի 12 ամիսների ընթացքում ստացել է 15 մլն 794 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ՀՀ նախագահի աշխատակազմից։

Վահագն Խաչատուրյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 ավտոտնակ եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում։
Անշարժ գույքերից 2 հողամասը Խաչատուրյանը ժառանգություն է ստացել 2017 թվականին, մեկը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, մյուսը Արաբկիր վարչական շրջանում։

ՀՀ նախագահին պատկանող տունը եւ ավտոտնակը գտնվում են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում. այս գույքերն էլ նախագահը նվիրատվություն է ստացել 2002 թվականին։

Նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմում են 40 մլն դրամ եւ 1 հազար 200 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմում են 1 մլն 200 հազար դրամ եւ 18 հազար դոլար»:

Send