Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին

Սուրբ Զատկի տոնի հետ կապված նախապաշարումներ կան մեր ժողովրդի կենցաղում։ Սակայն Եկեղեցին երբեք այսպիսի հրահանգներ չի տվել հավատացյալներին, և սրանք համարվում են անտեղյակությունից ծագած ժողովրդական անիմաստ սնոտիապաշտություններ։
Պետք է նշել, որ գերեզմաններ գնալու օրը մեռելոցի օրն է և ոչ թե դրան նախորդող եկեղեցական մեծ տոնի օրը, անկախ նրանից, թե մարդը երբ է մահացել։ Մեռելոցի օրերը հիմնականում լինում են երկուշաբթի օրերը, բացի Սուրբ Ծննդյան մեռելոցից, որը հունվարի 7-ին է անկախ շաբաթվա օրից: Մեռելոցների նախորդ կիրակի օրը տերունական ցնծալի տոն է տոնվում, և տոնի օրը սխալ է գերեզման գնալը։ Մեզանից ոչ ոք չի թողնի իր սիրելի հարազատի հարսանիքը` նույնպես սիրելի, սակայն մահացած բարեկամի գերեզմանը գնալու համար։ Եվ եթե այսպես ենք վարվում մեր մարմնավոր հարազատների պարագային, ուրեմն որքան առավել ևս չպետք է Տիրոջը նվիրված ուրախությունն ու ցնծությունը թողնելով` գնանք գերեզմաններ։