Պատերազմի պարտության մասին մեր և Օնիկ Գասպարյանի տեսակետները համընկնում են. ՔՊ-ական

Երեկ ավելի քան 6 ժամ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննվում էր Ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովում։ 

Փակ դռների հետեւում տեղի ունեցած հանդիպման մասին MediaHub-ը զրուցեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։ 

-Օնիկ Գասպարյանին քննելուց հետո Ձեզ համար ի՞նչ նոր հանգամանքներ ի հայտ եկան։ 

-6 ժամվա մեջ բավականին բազմակողմանի եւ ամբողջական քննարկումներ են եղել։ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացվել են  44-օրյա պատերազմի հետ կապված հանգամանքներ։ Մենք դեռեւս լսել ենք այդ հանգամանքները։ 

-Օնիկ Գասպարյանի եւ Նիկոլ Փաշինյանի տեսակետները՝ պատերազմում պարտվելու վերաբերյալ համընկնո՞ւմ են։ 

-Մեր, հանրային պատկերացումները եւ Օնիկ Գասպարյանի կողմից նշված հանգամանքները հիմնականում համապատասխանում էին։ 

-Եվ ինչո՞ւ պարտվեցինք պատերազմը։ 

-Պատճառները շատ են։ Հիմնականում օբյեկտիվ պատճառներ են, կան նաեւ սուբյեկտիվ դրսեւորումներ։ Օբյեկտիվ թիվ մեկ պատճառը, որին անդրադարձավ նաեւ Օնիկ Գասպարյանը՝ ուժերի անհամեմատ տարբերությունն է եղել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի վրա պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանին աջակցել են Թուրքիան եւ այլ պետություններ։ Թե՛ մարդկային ուժի, թե՛ զինտեխնիկայի, թե՛ նորագույն տեխնիկայի առկայությամբ Ադրբեջանն ավելի ուժեղ էր։ Նախ պատճառը սա է եղել։ 

-Այս մասին Օնիկ Գասպարյանը ասել էր դեռեւս պատերազմի չորորդ օրը, բայց պատերազմը կանգնեցվեց 44 օր հետո։ Այդ ժամանակվա ԳՇ պետը 2020 թվականի նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել ու ասել, որ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈւ գնահատականը` նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։ 

-Եկեք հստակ չարձանագրենք, թե Օնիկ Գասպարյանը ինչ է հայտարարել, երբ եւ որտեղ, որովհետեւ դրանք միայն խոսակցություններ էին՝ լրատվական մակարդակներում։ Նա, լինելով ԳՇ պետ, կազմակերպել է պատերազմական գործողությունների մարտավարական եւ տակտիկական գործողությունները, ղեկավարել է դրանք, եւ մեր հարցադրումները հիմնականում կապված էին կոնկրետ ռազմական գործողությունների հետ։ 

-Հարցրեցի՞ք Օնիկ Գասպարյանին, օրինակ, թե ինչու էր պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ այդ փաստաթղթի տակ ստորագրել էին Գլխավոր շտաբի գրեթե բոլոր գեներալները։ 

-Ոչ, նման հարց չի հնչեցվել։ Քաղաքական իրադարձությունները մեր հանձնաժողովի համար այդքան կարեւոր չեն։ Քաղաքական ցավալի իրադարձությունների մասին, երբ բանակը քաղաքական պրոցեսների մեջ խառնվեց, չենք հարցրել։ 
Օնիկ Գասպարյանի հետ աշխատանքները դեռեւս շարունակվելու են, իր կողմից ներկայացված նյութը բավականին ծավալուն է: Նա կրկին կհրավիրվի եւ մենք կշարունակենք մեր աշխատանքներն այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հանգամանքները չեն պարզվել։ 

-Օնիկ Գասպարյանը իր զեկույցով նպաստե՞ց, որ հասկանաք, թե ովքեր են եղել Փաշինյանի մատնանշած «5-րդ շարասյան» պարագլուխները։ 

Այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում: