Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենի ԺՊ-ն աշխատանքից ազատված ուսուցչի հրամանը չի տալիս
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի շուրջ տեղեկատվական ֆոնը մարել է, բայց կրքերը դեռ չեն հանդարտվել:
Հիշեցնենք, որ նախ ԱԱԾ-ն բերման ենթարկեց ֆիզիկայի ուսուցչին հենց դասի ժամանակ, երեխաների աչքի առաջ, այնուհետ վերջինիս մեղադրանք առաջադրվեց անչափահաս աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողությունների համար, և գրեթե անմիջապես տնօրենի նոր ԺՊ նշանակվեց՝ Քրիստինե Դումանյանը: Մեզ ասացին, որ վերջինս էլ երկար չսպասեց ու անցավ կադրային փոփոխությունների՝ աշխատանքից ազատելով դպրոցի երկարամյա տնօրեն, ապա ուսուցիչ աշխատող Անահիտ Խոսրովյանին, ով դեմ էր արտահայտվել Քրիստինե Դումանյանի նշանակմանը և հայտնել էր իր կարծիքը՝ նոր ԺՊ-ի նշանակման հետ կապված: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ հենց սա էլ հանդիսացել է նրան աշխատանքից ազատելու հիմնական հիմքը:
Վերջինս հայտարարել էր, որ դիմելու է դատարան:
MediaHub-ի հետ զրույցում Անահիտ Խոսրովյանը նշեց, որ գործը դեռ դատարան չի հասել։ Իսկ պատճառն էլ ավելի ուշագրավ է: «Դեռ չեմ դիմել դատարան, որովհետև չեն տալիս ազատման հրամանս, ուզում եմ իմ գրած դիմումի ստորագրած պատճենը, որ դա իսկականի հետ ճիշտ է և ուզում եմ ազատման հրամանը, բայց չեն տալիս՝ ասելով, որ ծանուցում են ուղարկել, բայց այդ ծանուցումը ոչինչ չի ասում»,- ասաց Խոսրովյանը։
Նա նշեց, որ սպասում է ազատման հրամանին, ամուսնու առողջական խնդրի հետ պայմանավորված չի կարողացել գնալ դպրոց և անձամբ վերցնել հրամանը, բայց երկուշաբթի պատրաստվում է գնալ և ազատման հրամանը պահանջել։
Հարցին, թե ի՞նչ պատճառ են ներկայացնում, որ չեն տալիս հրամանը, Խոսրովյանը պատասխանեց. «Պատճառ չեն ասում, չե՛ն տալիս հրամանը մարդիկ, ոչ մի պատճառ էլ չե՛ն ասում։ Հրահանգի են սպասում վերևից, չե՛ն տալիս, և վերջ»։
Երկուշաբթի բայց կգնա և տնօրենից կպահանջի հրամանը: «Գնալու եմ պահանջեմ, եթե այս անգամ էլ չլինի, դատարանով եմ պահանջելու»,- եզրափակեց Խոսրովյանը։
Նշենք, որ օրեր առաջ MediaHub-ին ահազանգել էին, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում լարված իրավիճակ է, աշակերտները ևս ընդվզում են տնօրենի նոր ԺՊ-ի դեմ։
Մարիաննա Արամյան