Այսքանից հետո Ռուսաստան գնացողը թասիբ չունի․ Արայիկ Հարությունյանի խորհրդական

Իմ հստակ որոշումն է, որ Հայաստանում մնամ, իմ սերունդն այստեղ լինի, որպեսզի մեր հետ գնալն ավելի հավանական դառնա։ Արցախի թեման փակված չէ, եթե ինտեգրում լիներ, թեման կփակվեր, բայց հիմա փակ չէ։ Մի վախկոտ գտնելով ու պարետ նշանակվելով չի որոշվում, ո՞ւմ համար են պարետ նշանակում։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Վահան Բադասյանը։
«Քանի տարի էլ անցնի, չենք ներելու և որպեսզի մենք կարողանանք իրագործել մեր նպատակը, այստեղ պետք է լինենք, ոչ թե եվրոպաներում, ամերիկաներում, ռուսաստաններում։ Այս վերջինն ամենակարևորն է, քանի որ Ռուսաստան գնալ ընդհանրապես չի կարելի։ Ռուսաստան գնացողը թասիբ չունի, ռուս խաղաղապահները անվտանգություն ապահովողն էին, բայց մեր աչքի առաջ թույլ տվեցին, որ մեզ կոտորեն։ Ամենավիրավորականն այն է, որ դու քո զավակին չես կարողանում պաշտպանել, որովհետև ինչ-որ մեկը չի թողնում, որ դու զենք բռնես, ամենաստոր ձևով են մեզ հետ վարվել։
Հարցն այն է, որ մենք քաոսի մեջ ենք ու բոլորն ասում են՝ «բա որ մենք ասում էինք», լավ, որ ասում էիք, ի՞նչ, պետք է մի բռունցք դառնայինք, ոչ թե ասեիք ու ասեիք»,-նշեց Բադասյանը։
Բադասյանի խոսքով՝ այստեղ կա Արցախի և Հայաստանի իշխանությունների մեղավորությունը։
«Իշխանությունը մեր ժողովրդի պատկերն է, անզոր, վախկոտ հոգեվիճակ է։ Զինվեիք, որ թշնամին տեսներ՝ զինված ես, չգար ցեղասպանելու»,-ասաց Բադասյանը։
Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունը չի ստորագրել Արցախի Հանրապետության լուծարումը, վերջինս արձագանքեց՝ մեկ ազգ ենք և մեկ իշխանություն ունենք։
Խոսելով Արցախի պաշտոնյաներին ձերբակալելու և Բաքու տանելու մասին, Բադասյանը ցավով նշեց, որ ադրբեջանցիները հայի են տանում։ «Մերոնք շատերն ուրախանում են, հճվում են, բայց սա ցավ է, լավ հային են տանում»:
Լիաննա Թորոսյան