Երևանի ավագանու կազմում փոփոխություններ կլինեն, Ամեն ինչի համար փող կա, Բագրատյանի թոշակի համար՝ չկա․ Մամուլը՝ սուրճով

Երևանի ավագանու կազմում փոփոխություններ կլինեն, Ամեն ինչի համար փող կա, Բագրատյանի թոշակի համար՝ չկա․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ հակառուսականության այնպիսի ալիք են առաջացրել, որ քաղաքացներից մեկը նախօրեին պղծել է ռուսական դրոշը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչ է իրավապահներին հայտնել ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող Սամվել Շիրինյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ իրավապահները նրան հարց են տվել, թե ինչու է նման քայլի գնացել ու խուլիգանություն կատարել, 46-ամյա Շիրինյանն ասել է, թե ռուսները մեր նկատմամբ վատ բաներ արեցին. եթե չկա Արցախի հայերի ցեղասպանության ճանաչում, չկան նաեւ Լենինգրադում տուժածներ: Ամեն դեպքում, կատարողը ձերբակալված է։

Ինչպես հայտնի է, Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով։

«Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Պարզվել էր, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել է ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ տեղադրելով Tik Tok սոցիալական ցանցում»,- գրել է նա:

ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սամվել Շիրինյանը հայտնաբերվել էր Բագրատաշենի անցակետից: Նա ցանկացել էր հատել ՀՀ սահմանը, սակայն իրավապահները կարողացել են կանխել նրա փախուստը»։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրությամբ դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ խորհրդատվություն հայցելով, թե արդյոք կարո՞ղ է հանրային պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ զբաղեցնել նաև ավագանու անդամի պաշտոն։ Խնդիրն այն է, որ Երևանի ավագանու կազմում կան թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր խմբակցությունների անդամներ, որոնք մինչ ավագանու անդամ դառնալը զբաղեցրել են և հիմա էլ շարունակում են զբաղեցնել հանրային պաշտոններ։

Հանձնաժողովից պատասխանել են, որ չեն կարող համատեղել, և մինչև փետրվարի 15-ը ժամանակ են տվել, որ նշյալ անձինք կա՛մ ավագանու մանդատից հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։

«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչ նշյալ ժամկետը ավագանու մի շարք անդամներ վայր կդնեն մանդատները՝ նախընտրելով իրենց հիմնական աշխատանքը:

Սակայն ավագանու կազմում փոփոխությունները, հնարավոր է, սրանով չսահմանափակվեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ավագանու որոշ անդամների «մանդատազրկման» գործընթաց է սկսվել բացակայությունների հիմքով։ Խոսքը մասնավորաբար վերաբերում է Նարինե Հայրապետյանին (Նարե Սոսե) և Սոննա Աղեկյանին: Քննարկվում է նաև Հայկ Մարությանի, Զարուհի Փոստանջյանի, Քրիստինե Վարդանյանի և ավագանու մի քանի այլ անդամների հեռացման հնարավորությունները։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սնուփ Դոգի չկայացած համերգի համար պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ հատկացրած, աջուձախ անհիմն ծախսեր կատարող իշխանությունները խնայողություններ են անում ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած Հրանտ Բագրատյանի թոշակի հաշվին։ Բագրատյանին օրենքով հասանելիք բարձր թոշակը չվճարելն իշխանությունների համար այնքան սկզբունքային է, որ դատարանի վճռից հետո անգամ չեն վճարել թոշակը եւ փորձում են դատական հաջորդ ատյաններում բողոքարկելով՝ չանել դա։

Բանն այն է, որ Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Ն-0427-I որոշման 3-րդ կետի համաձայն, Բագրատյանին՝ որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, պետք է վճարվի հատուկ թոշակ, որը բարձր է սովորական կենսաթոշակից, սակայն Միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է վճարել հասանելիք թոշակը։

Բագրատյանը դիմել է Վարչական դատարան ու հաղթել, սակայն Միասնական սոցիալական ծառայությունը վերաքննիչ բողոք է տարել ու հասել նրան, որ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվի։ Այժմ գործը Վճռաբեկ դատարանում է՝ Բագրատյանի տարած վճռաբեկ բողոքով։ Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ ԲԴԽ նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը բարձր կենսաթոշակ է ստանալու։ Փաստորեն, թոշակ սահմանելիս էլ է իշխանությունն առաջնորդվում տվյալ անձի հայացքներով»: