Զանգե՛ք «Հայկական ժամանակ»՝ ճշտեք, ես ասում եմ՝ չկա որևիցէ նախապայման․ Ալեն Սիմոնյան

Զանգե՛ք «Հայկական ժամանակ»՝ ճշտեք, ես ասում եմ՝ չկա որևիցէ նախապայման․ Ալեն Սիմոնյան

Ես իմ ռուս գործընկերների հետ նման խոսակցության ականատես չեմ եղել, նման խոսակցություն չկա և ինձ համար չի էլ կարող լինել, ՀՀ-ի անկախությունը և ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում լույս տեսած «հավաստի աղբյուրի»  հրապարակումներին՝ Սիմոնյանն ասաց․

 «Չգիտեմ լրագրողի նպատակը որն է եղել դա գրելու, բայց այն, ինչ գրվում է մի լրատվամիջոցում, որը կարելի է կապել գործող իշխանությունների հետ, չի կարելի վերագրել իշխանությունների ցանկություններին»։

Մեկ այլ հարցի, թե արդյոք հավաստի համարում է այդ թերթի գրած լուրերը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ։

«Ես նման ինֆորմացիա չունեմ և չեմ համարում, որ նման բան Հայաստանում պետք է քննարկենք, ինձ համար ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը անքննելի են։ Զանգե՛ք «Հայկական ժամանակ»՝ ճշտեք, ես ասում եմ՝ չկա որևիցէ նախապայման»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին իշխանության կարծիքին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին չի ցանկանում պատասխանել, որովհետև հնարավոր է` ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից։

«Այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է երկար մտածենք ու հասկանանք։ Սա խաղուպար չէ, որ արագ ու կտրուկ շարժումներ անենք, այլ պետք է հասկանանք, թե ինչ են անելու, բայց որ խնդիր կա՝ միանշանակ է»,- ասաց Սիմոնյանը։
 
ԱԺ նախագահը նշեց, որ հոկտեմբերի 9-ին պաշտոնական այցով Մոսկվայում գտնվելու ժամանակ պատրաստվում է խոսել ՀԱՊԿ-ի, Հայաստան-Ռուսաստան փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերի շուրջ։

Նրա խոսքով` այդ փոխօգնության համար Հայաստանը դիմել է, սակայն մինչ օրս պատասխան չկա։