Աբազյանը հրաժարվել է ՊՆ գնալ․ «ռակիրովկաների» չհաջողված փորձ՝ իրավապահ կառույցներում

Մոտ երկու ամիս առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հնարավոր է՝ նշանակեն ԱԱԾ տնօրեն։ Այս տեղեկությունը, բարեբախտաբար, իրականություն չդարձավ, չնայած որ իշխանությունը մտադրություն ունեցել է պետական ապարատի ուժային հատվածում «ռակիրովկաներ» կատարել։
MediaHub-ին այս մասով որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին առաջարկել է տեղափոխվել ՊՆ և նշանակվել պաշտպանության նախարար՝ Սուրեն Պապիկյանի փոխարեն։ Աբազյանի տեղն էլ ԱԱԾ տնօրեն կդառնար խորը արևմտամետ և հակառուս Արմեն Գրիգորյանը, որի նշանակմամբ, կարող ենք ասել, վերջնական կկործանվեր առանց այդ էլ խարխլված հիմքերով և օրվա իշխանության գերին դարձած Ազգային անվտանգության ծառայությունը։ Բայց Արմեն Աբազյանը հրաժարվել է այս առաջարկից՝ հայտնելով, որ ինքն ԱԱԾ-ի կադր է և իրեն ՊՆ-ում չի պատկերացնում։ Բացի այդ, Աբազյանը նաև մտերիմ հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ասում են՝ շատ հարցերում հենց նրա հետ է խորհրդակցում, եթե չասենք՝ նրան է լսում, ու նաև այդ իմաստով չի ցանկացել նրա աթոռին հավակնել։
Բայց «ռակիրովկաների» փորձն այսքանով չի սահմանափակվել։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունը մտադրություն է ունեցել ԱԱԾ տնօրենի տեղակալ, տարբեր մարդկանց դեմ իր «դանոսներով» հայտնի (համենայնդեպս, մամուլում այդպիսի տեղեկություններ կան), համակարգում ոչ դրական հռչակ վայելող և Նիկոլ Փաշինյանին անվերապահ ծառայող Անդրանիկ Սիմոնյանին էլ ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ Սասուն Խաչատրյանի փոխարեն։ Բայց այս փոփոխությունը ևս տեղի չի ունեցել։
Կարելի է ասել, առանց այդ էլ հեղինակազրկված և քարուքանդ եղած իրավապահ համակարգում հերթական կործանարար որոշումներն այս անգամ առկախվել են և կյանքի չեն կոչվել։
Վահե Մակարյան