Լևոն Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Բուխարեստում ընթացող Grand Chess Tour-2022 դասական շախմատի մրցաշարում այսօր կայացան նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց աշխարհի փոխչեմպիոն Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիան բավական երկար տևեց և ավարտվեց 85-րդ քայլում, ոչ-ոքի:

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստը վաստակեց 5 միավոր և շարունակում է ամերիկացի Վեսլի Սոյի հետ կիսել 1-ին տեղը: Նրանց հաջորդում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ և այժմ ունի 4,5 միավոր: Հենց այս եռյակն էլ լավ հնարավորություն ունի հաղթելու տուրի անդրանիկ մրցաշարում:

Վաղը կայանալիք վերջին` 9-րդ տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի մրցաշարի ետնապահ, ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ, որն ունի 3 միավոր: Վեսլի Սոն կխաղա ամերիկացի Լեյնիեր Դոմինգեսի, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավն` իր հայրենակից Ալիռեզա Ֆիրուջայի հետ: