Եգիպտոսում Նիկոլ Փաշինյանի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը, եթե առհասարակ այն կարելի է հանդիպում անվանել, ակնհայտ ցույց տվեց, որ Հայաստանը դուրս է քաղաքական բոլոր գործընթացներից։ Իհարկե, երգիծանքի տեսանկյունից շատ զվարճալի էր տեսնելը, թե ինչպես է Փաշինյանը մոտենում Թրամփին ու հիշեցնում, որ ինքը Հայաստանի վարչապետն է։ Սակայն ծիծաղելուց հետո անշուշտ անհրաժեշտ է արտասվել, քանի որ այդ դրվագը ոչ միայն խայտառակություն է Հայաստանի համար, այլև ողբերգական։
Այդ դրվագով պարզ է դառնում, որ Թրամփի համար Փաշինյան քաղաքական գործիչ, պետության ղեկավար գոյություն չունի, հետևաբար գոյություն չունի նաև Հայաստան։ Մինչդեռ վաշինգտոնյան այցից հետո իշխանությունն այն ներկայացնում էր որպես հայ-ամերիկյան հարաբերությունների բացառիկ, պատմական առավելագույն շեմ, որպես ռազմավարական գործընկերություն՝ հետագա դաշնակցային հարաբերությունների ակնկալիքով, որպես ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անվտանգության երաշխավորության ստանձնում, Թրամփի WhatsApp-ի համարն ունենալը որպես պետական նվաճում և այլն։
Սա, իհարկե, ցանկալին էր, իսկ իրականությունն այն է, որ ԱՄՆ առաջնահերթությունների կենտրոնում ոչ թե Հայաստանն է, այլ Իսրայելն ու Թուրքիան (նաև Ադրբեջանը) ու ցանկացած գործարք անպայմանորեն ելակետում ունենալու է առաջին հերթին նրանց օգուտները, իսկ Փաշինյանին մնալու է միայն օտար շահերը գեներացնել Հայաստանում ու ներկայացնել որպես սեփական պետական օրակարգ։
Իշխանություններն անշուշտ իրենց բնորոշ մանիպուլյատիվ գործելաոճով կարդարանան, որ Թրամփի քաղաքական օրակարգը գերհագեցած է ու նա կարող էր պահի տակ մոռանալ, թե ով է իրեն մոտեցողը, թե ԱՄՆ պետական շահը կախված չէ Թրամփի հիշողությունից, թե միջպետական հարաբերությունները պայմանավորված չեն անձերով ու այդպես շարունակ, բայց այդ ամենը հիմարություն է։ Գոյություն չունի միջպետական հարաբերություններ՝ անձերից դուրս, չկա պետական շահ, որի որոշողներն անձերը չեն ու չի կարող լինել այնպիսի գերհագեցածություն, որը հիշողությունից դուրս մղի նրան, ով իրապես ունի կարևորություն։
Բազմիցս եմ ասել, որ թե՛ պետության արտաքին քաղաքականությունը, թե՛ շահերի առաջնահերթությունը, թե՛ աշխարհաքաղաքական գործընթացները և թե՛ առհասարակ պատմության ընթացքը պայմանավորված են անձերով։ Անձերն են որոշում դրանցից յուրաքանչյուրը ու անձերով են պայմանավորված պատմական դեպքերն ու պատմության զարգացումը։ Անձերի շնորհիվ է նաև պայմանավորված աշխարհի այսօրվա քաղաքական քարտեզը, ինչպես նաև անձերով է պայմանավորված նոր աշխարհակարգի ձևավորումն ու նույն քարտեզի փոփոխությունը։ Հետևաբար որքան զորեղ է պետության ղեկավարը, այնքան աշխարհում կբարձրանա տվյալ պետության քաղաքական կշիռը, իսկ տգետ, գաղափարազուրկ, միաժամանակ արժանապատվությունից զուրկ անձը կարող է աստիճանաբար այդ նույն պետությունը վերածել արոտավայրի։
Եթե Նիկոլ Փաշինյանը կարևորություն ունենար Դոնալդ Թրամփի համար, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ կապիտուլացված ու ստորաքարշ ղեկավար, եթե Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես գրագետ լիներ, եթե Նիկոլ Փաշինյանն ունենար քաղաքական կշիռ, եթե գոնե ունենար լայն աշխարհայացք ու ինտելեկտ, ապա Թրամփը երբեք նրա անունը չէր մոռանա ու թերևս կփոխվեր նաև Հայաստանի կարևորության գործոնը միջազգային հարաբերություններում ու ընդ որում ոչ միայն հայ-ամերիկյան համատեքստում, hատկապես որ Փաշինյան-Թրամփ «դարակազմիկ» հանդիպումից դեռևս մի 2 ամիս է անցել։
Սա քաղաքական տեսանկյունից, իսկ մարդկային առումով, որքանո՞վ է արժանապատիվ լակոտի պես վազել մեկի հետևից ու հիշեցնել, թե ով ես, ինչ է քո անունը ու որ երկրի ղեկավարն ես։ Նման արարքը պատիվ չի բերում անգամ միջանձնային հարաբերություններում, էլ ուր մնաց ղեկավարին, որը ներկայացնում է մի ամբողջ պետություն։ Կրկին ուզում եմ բերել նույն օրինակը. Փաշինյանը միջազգային հարաբերություններում նման է այն անհույս սիրահարին, որը վերջնականապես կորցրել է հպարտությունն ու ինքնասիրությունը։
Կարեն Կարապետյան