Հաշվի ենք առել նաև Էդգար Ղազարյանի ինքնաառաջադրվելու հանգամանքը․ Մամիջանյան

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը։ Ընդդիմադիրների այս որոշումը զարմանք ու վրդովմունք է առաջացրել քաղաքական թիմերի աջակիցների շրջանում, ովքեր պահանջում են՝ հաշվետու լինել եւ պարզաբանել, թե ինչու՞ է ընտրությունը կանգ առել Էդգար Ղազարյանի վրա։
MediaHub-ի հետ զույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ Ղազարյանի ընտրության հարցում հիմք են հանդիսացել նաև հասարակական-քաղաքական կազմակերպությունների դիմումները։
«Կազմակերպությունները առաջարկում էին առաջադրել Էդգար Ղազարյանին։ Նաեւ կարեւորելով ինքնաառաջադրման պատրաստակամությունը, որոշեցինք ընդունել արտախորհրդարանական ընդդիմության առաջարկը»,-ասաց Մամիջանյանը։
Էդգար Ղազարյանին՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար խորհրդարանական ընդդիմությանը դիմել է նաեւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագա Արամ Գասպարի Սարգսյանը։
ՄԻՊ թեկնածուի ընտրությունը տեղի է ունենալու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։
Ավելի վաղ, հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը` նկատի ունենալով, որ մի շարք հասարակական նախաձեռնություններ և իրավապաշտպաններ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա վիճակը գնահատել են խիստ մտահոգիչ, իսկ լուծման ուղղությամբ գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ձևախեղված։
Այսպիսով, այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք առնչվում են բացառապես Էդգար Ղազարյանին։
Թագուհի Թովմասյանը նաև հայտնել է, որ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել։
Լիա Սարգսյան