«Արայիկ Հարությունյանը էմոցիոնալ բռնկման մեջ ընկավ»․ մանրամասներ՝ երեկվա փակ հանդիպումից

«Արայիկ Հարությունյանը էմոցիոնալ բռնկման մեջ ընկավ»․ մանրամասներ՝ երեկվա փակ հանդիպումից

Երեկ Արցախի ԱԺ-ում Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը բավականին թեժ է անցել, պատճառն այն է, որ Արցախի նախագահի՝ պատգամավորների հետ «մտերմիկ» զրույց ունենալու հույսերը չեն արդարացել։ Ըստ մեր տեղեկությունների՝ նիստին զուհագեռ՝ քաղաքացիների մոտ խուճապն ու անհանգստությունն այն աստիճանի է հասել, որ նիստից հետո խանութներում ո՛չ հաց է եղել, ո՛չ՝ կաթնամթերք։

«Արայիկ Հարությունյանն ինքնին խուճապ է։ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանից հետո մինչև այս պահը խանութներում հաց չկա, ես ինքս հաց չեմ կարողացել գնել։ Մեկի փոխարեն հինգ-վեց հատ են գնել մարդիկ։ Այսօր խոսում եմ հացի փռի աշխատակցի հետ, ասում է՝ նույն չափով թխում են, ինչ երեկ ու դրա նախորդ օրը, բայց մարդիկ այնքան վախեցած են, որ ուզում են առաջիկա օրերի համար գլխների ճարը տեսնել»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որը ևս ներկա է եղել երեկվա նիստին։ 

Ըստ պատգամավորի՝ այդ ամենը ցույց է տալիս, որ մարդիկ վստահություն չունեն Արցախի իշխանության նկատմամբ։

«Երեկ Արայիկ Հարությունյանը բոլոր ստանդարտներից դուրս էր, անհասկանալի էր ընդհանուր նիստը։ Արցախի նախագահը մեզ ասաց, որ եկել էր անկեղծ զրույցի, իսկ մենք քաղաքական հարցեր ենք տալիս։ ԱԺ նիստի ժամանակ երկրի նախագահը նման արտահայտություն չպետք է աներ»,- նշեց նա:

Մետաքսե Հակոբյանը պատմեց, որ նախորդ տարվա վերաբերյալ Արայիկ Հարությունյանը պետք է կատարողական ներկայացներ, բայց դա չարեց՝ նշելով, որ անվտանգային հարցեր կան, և դրանց կանդրադառնա ֆռակցիաների հետ փակ հանդիպման ֆորմատով, եթե դրա կարիքը լինի։ 

Պատգամավորը պատմեց, որ դրանից հետո հարց ու պատասխան է եղել նախագահի հետ, և ինքը հարց է հնչեցրել, թե ինչ պետք է անել, եթե Արևմուտքն արդեն Արցախն Ադրբեջանի մաս է ներկայացնում։ Ի պատասխան այդ հարցի, Արայիկ Հարությունյանը «պոպուլիստական» պատասխան է հնչեցրել, որ ոչ մի դեպքում Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Բայց նրա այդ պատասխանից պարզ էր, որ ինքն ուղղակի կատարող է, համակերպված ամեն ինչին։ Բացի այդ, ես նշեցի, որ խնդրի լուծումն Արևմուտքը տեսնում է ճանապարհի բացվելու մեջ, այսինքն՝ եթե միջանցքը բացվեց, հարցը լուծված է։ Բայց դրան էլ Հարությունյանն արձագանքեց, որ մենք ինքնորոշման իրավունքից չենք հրաժարվում։ Իսկ դրան ուղղված քայլեր չեն արվում»,- նշեց Հակոբյանը:

Պատգամավորը պատմեց, որ բանավեճն ավելի է սրվել, և Արայիկ Հարությունյանն ավելի է լարվել, երբ ինքը մտքերի փոխանակության ժամանակ հիշեցրել է, թե նախորդ տարի ինչ հայտարարություններ էր անում Արցախի իշխանությունը։

«Խոսքը վերաբերում է թե՛ Քաշաթաղի միջանցքին, երբ մենք բարձրաձայնում էինք վտանգները, իսկ ինքը մեզ պոպուլիստ էր որակում։ Ինքը հայտարարել էր, որ Բերձորը, Աղավնոն ու Ներքին Սուսը հանձնելու դիմաց նոր միջանցքի հինգ կիլոմետրանոց հատվածում կարող ենք վերաբնակեցնել մարդկանց, թե՛՝ ՀՀ իշխանություններին դեմ արտահայտվելու անհրաժեշտությանը։ Բացի այդ, մեզ վստահեցնում էին, որ կա եռակողմ փաստաթուղթ՝ կապված միջանցքի, դրա նկատմամբ վերահսկողության հետ։ Ի պատասխան իմ այդ հայտարարության՝ Արայիկ Հարությունյանը էմոցիոնալ բռնկման մեջ ընկավ, ապա ասաց, որ շարունակում է պնդել, թե մենք պոպուլիսներ ենք ու խուճապ ենք տարածում»,- ասաց Հակոբյանը։

Պատգամավորը նշեց, որ Արցախի պետնախարարը, ՏԿԵ նախարարը ևս նախորդ տարվա հայտարարություններին հակասող մտքեր են հայտնել։

«Պոպուլիզմի չափաբաժիններ արձանագրեցինք։ Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ-ում ուզում էր ՔՊ-ի վարքականոնը գործադրել, բայց դա բացառվում է։ Այստեղ ՔՊ-ի գործելաոճը չի անցնի»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ այս ամենը, որ շատ կարևոր է Արցախի, արցախցու համար, որևէ կերպ չի լուսաբանվել։

«Արցախի Հանրայինը իշխանությա՞ն, թե՞ պետության ներկայացուցիչն է, դա էլ հարց է»,- ասաց նա։

Հակոբյանը շեշտեց՝ իրենք երեկ ևս մեկ անգամ հստակ հասկացան, որ Արցախում պետության ու պետականության մասին մտածում է միայն ընդդիմությունը։

Նարե Գնունի