Օգնություն՝ լռության դիմաց

Օգնություն՝ լռության դիմաց

Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից»:

Մինչ այդ կառավարությունը հայտնել էր այլ նախաձեռնության մասին՝ յուրաքանչյուր տեղահանված արցախցի ստանալու է 100 հազար դրամ միանվագ գումար:
Երբ Փաշինյանը հայտարարում է բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերով օգնելու մասին, իսկ նույն օրը իշխանության քարոզիչները Ֆեյսբուքում սպառնում են օգնությունից կտրել «ցուցարար» արցախցիներին, հասկանալի է դառնում, որ հենց իշխանությունն է քաղաքական հարթության վրա փորձում շահագործել մեր հայրենակիցներին՝ «փող՝ լռության դիմաց» քստմնելի բանաձևով: 

Արցախցի մեր քույրերն ու եղբայրներն ընդամենը պետք է իմանան՝ աջակցությունը ոչ թե Փաշինյանի գրպանից են ստանում, այլ Հայաստանի Հանրապետությունից, ըստ այդմ՝ լիարժեք ազատ են իրենց քաղաքական համոզմունքների ու վարքագծի հարցում:

Իսկ իրավապահ մարմինները պարտավոր են անմիջապես քրգործեր հարուցել այն ՔՊ-ականների դեմ, ովքեր սոցիալական ցանցերում հանդես են եկել «Ցույցի մասնակցող ղարաբաղցոնց դեպորտ արեք, ես՝ որպես Հայաստանի քաղաքացի եմ ասում», «այն արցախցին, որը կմասնակցի ցույցերին, զրկել բոլոր տեսակի օգնություններից» խայտառակ կոչերով: Նրանց բոլորի ինքնությունը հայտնի է:

Վահրամ Բագրատյան