Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (15.12.2023)

1. Ռուսաստանի և Բելառուսի ԱԳ նախարարությունների միացյալ խորհուրդը Մոսկվայում է: «Ներկա պայմաններում Ռուսաստանն ու Բելառուսը իմաստ չեն տեսնում արևմտյան երկրների հետ տարածաշրջանային կայունության հարցերը քննարկելու համար, Մոսկվան և Մինսկը Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ճարտարապետություն կկառուցեն»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
2. Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում որոշել են Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել: Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները 2022 թվականի հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ շնորհեցին, բայց ոչ Վրաստանին։ ԵՄ-ն Վրաստանին նման կարգավիճակի տրամադրումը պայմանավորել է 12 պայմանների կատարմամբ։
3. Ֆինլանդիան դեկտեմբերի 18-ին պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Նշենք, որ Ֆինլանդիան այս տարվա սկզբին դարձել է ՆԱՏՕ-ի նոր անդամ: Պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը նպատակ ունի թույլ տալ արագ ռազմական մուտք և օգնություն տրամադրել Ֆինլանդիային հակամարտության դեպքում: 
4. Առնվազն 12 ոստիկան է զոհվել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգի Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնել է տարածաշրջանի վարչական կենտրոն Զահեդան քաղաքի դատախազ Մեհդի Շամսաբադին։