ՔՊ ֆրակցիան «սшտկшցնելու» հրահանգ է ստացել, Ինչո՞ւ են ՊԵԿ-ից դժգոհում տնտեսվարողները. Մամուլը՝ սուրճով

ՔՊ ֆրակցիան «սшտկшցնելու» հրահանգ է ստացել, Ինչո՞ւ են ՊԵԿ-ից դժգոհում տնտեսվարողները. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի ամբիոնից հայհոյանքներ շաղ տվող եւ Քովիդի ժամանակ չարաշահումների գործով անցնող, անպատիժ մնացած Արսեն Թորոսյանը այն ՔՊ-ականներից է, ով չի սպասել ժամկետը լրանալուն (մայիսի 31-ին), եւ մայիսի 7-ին ներկայացրել է տարեկան հայտարարագիրը։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ 2024 թվականը այնքան բարենպաստ է եղել ԱԺ պատգամավորի համար, որ Նոր Նորքում 2011 թվականից ձեռք բերված բնակարանից բացի՝ պատգամավորը 75 մլն դրամով (մոտ 200 հազար ԱՄՆ դոլար) առանձնատուն է ձեռք բերել Ծաղկաձոր համայնքում։

Բացի այս տներից, 2020 թվականին Թորոսյանը Ծաղկաձորում ձեռք էր բերել հողամաս։

Բայց սա դեռ ամենը չէ, Արսեն Թորոսյանը շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող Tesla մակնիշի էլեկտրոմոբիլ, որի շուկայական արժեքը տատանվում է 15-22 մլն դրամ եւ ավելիի միջակայքում։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 900 հազար դրամ, 450 եվրո, 46 դոլար։

Կանխիկ դրամական միջոցները տարեվերջին՝ տարեսկզբի համեմատ, ավելացել է 2 մլն դրամով՝ դառնալով 3 մլն դրամ։

Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 491 հազար դրամ, որից 10 մլն 20 հազարն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, 392 հազարը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, 2 մլն 63 հազարը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձ է, իսկ 1 մլն 15 հազարը «Ամերիաբանկից» «այլ եկամուտ» է։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 470 հազար դրամ, որը նոր կառուցվող բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։

Մինչ պատգամավոր դառնալը Թորոսյանն ուներ 1 անհատական բնակելի տուն, 2 տրանսպորտային միջոց։ 2018 թվականի պաշտոնը ստանձնելու ժամանակ ունեցել է 21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1 մլն 700 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 418 հազար դրամ։

Այսպիսով՝ հեղափոխական իշխանությունները, կոռուպցիան մերժելով, թաղվել են հարստության, հաջողության եւ ունեցվածքի մեջ»։

 

«Հրապարակը» գրում է․ 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել։ Վերջին օրերին մեծից փոքր` ժամը մեկ լայվ են մտնում, ստատուսներ գրում, հարցազրույցներ տալիս Քոչարյանի մասին, կրկնում անցած 7 տարիներին շրջանառված, հետո հերքված լեգենդները։

Իշխանական կայքերն ուղղակի վերածվել են ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական լրատվամիջոցների` ամեն երկրորդ նյութը նրա մասին է, էջերը ողողված են երկրորդ նախագահի եւ նրա ընտանիքի լուսանկարներով։ Բնականաբար` բոլորը նեգատիվ տոնայնության մեջ: ՔՊ-ում չեն կարծում, որ «սեւ փիառն էլ է փիառ», եւ կարող է այս արշավի արդյունքում Քոչարյանի ռեյտինգն ավելի բարձրանալ: Նրանք աշխատում են իրենց կայուն ընտրազանգվածի վրա, որը նախկինների նկատմամբ անհաղթահարելի ատելությամբ է համակված եւ վրեժի ծարավ ունի: Ու որքան էլ հիասթափվի այս իշխանության քաղաքականությունից, ընտրության պարագայում նորից ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին։ Ի դեպ, ՔՊ-ում ոմանք կարծում են, որ Փաշինյանի կնոջ գռեհիկ բառապաշարն էլ է դրան միտված՝ վերականգնել իշխանության կայուն էլեկտորատը, որը հիմնականում կազմված է ոչ գրագետ, հայհոյանք սիրող զանգվածից։

Նշենք, որ ՔՊ-ում որոշում ունեն՝ հակաքոչարյանական քարոզչության դոզան ավելի մեծացնել եւ առաջիկա ԱԺ նիստերը վերածել «բոյի բեզ պրավիլ» տեսարանների` Քոչարյանի թիմակիցների, հատկապես՝ որդու դեմ։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում շատացել են տնտեսվարողների դժգոհությունները՝ կապված ԱԱՀ վերադարձի հետ։ Բանն այն է, որ, ըստ մեզ դիմած գործարարների, ՊԵԿ–ը սկսել է երկար ժամկետներում վերադարձնել ԱԱՀ գումարները, ինչը խնդիրներ է ստեղծում բիզնեսի համար, վերջիններս չեն կարողանում վճարումներ կատարել կոնտրագենտներին, գումարը չի վերադառնում տնտեսություն։

Այս ամենը ակնառու է դառնում նաև պաշտոնական վիճակագրությունից։ 2025 թվականի 1-ին եռամսյակում ԱԱՀ վերադարձի ցուցանիշը կազմել է մոտ 66 միլիարդ դրամ, ինչը 11,8 միլիարդ դրամի չափով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ տնտեսվարողներին վերադարձվել էր մոտ 78 միլիարդ դրամ: Ի դեպ, նշենք, որ մինչ այս նշյալ ցուցանիշը տարեցտարի աճել է։

Թե ինչով է պայմանավորված այս հանգամանքը, դժվար չէ կռահել. ՊԵԿ–ը ջանում է հնարավորինս լավ արդյունքներ ցույց տալ։ Որոշ մասնագետների պնդմամբ էլ, իրականում խնդիրը կապված է նաև նրա հետ, որ տնտեսության որոշ ճյուղերում նախորդ տարիներին մեծ գումարներով վերադարձ է կատարվել, և այժմ այդքան վերադարձ կատարելու հիմքեր չկան։