Իմ ու Սուրեն Պապիկյանի հարաբերությունները լարված չեն, ոչ մի խնդիր չունենք․ Սասուն Միքայելյան

Իմ ու Սուրեն Պապիկյանի հարաբերությունները լարված չեն, ոչ մի խնդիր չունենք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, թե վերջինիս և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարաբերությունները լարված են։
«Զարմանում եմ, թե ոնց են նման բան գրել, ես որևէ խնդիր չունեմ ոչ մեկի հետ, առավել ևս բանակի։ Երկար տարիներ է՝ ՊՆ-ի հետ համագործակցված մենք կատարում ենք մեր առաքելությունը։ Մենք ՀՀ պետական սահմանի գրեթե ամբողջ երկայնքով մարտական հերթապահություն ենք իրականացնում։ Առանց ՊՆ-ի հետ համագործակցելու ո՞նց կարող ենք դա անել»,- ասաց նա։
Հարցին՝ նույն ժամանակ նկատելի՞ է, որ ԵԿՄ-ն չի մասնակցում ՊՆ-ի կազմակերպած միջոցառումներին, վերջինս պատասխանեց․ «Ես ամեն օր զորամասներ եմ այցելում, և այնպես չէ, որ պետք է կազմակերպվեն, ինչ-որ հատուկ միջոցառումներ լինեն, որ ես զորամասներ այցելեմ»։
Դիտարկմանը, թե ըստ մամուլի՝ լարվածությունը իբրև սրում է Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ նախագահն ընդգծեց․ «Ինձ լավ ճանաչողը գիտի, որ ինձ ոչ ոք չի կարող ինչ-որ մեկի դեմ լարել կամ ասել՝ «գնա, այսպես կամ այնպես արա»։ Ես ամեն ինչ անում եմ այնպես, ինչպես ճիշտ և օրինական է։ Երեկ էլ մեզ մոտ վարչության նիստ է եղել, Անդրանիկ Քոչարյանն էլ ԵԿՄ վարչության անդամ է, երբեք քննարկում չի եղել ՊՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման մասին»։
Միքայելյանը նշեց, որ նման հրապարակումները պարզապես օրակագում հայտնվող ավելորդ խոսակցություններ են։
Լիաննա Թորոսյան