Արցախի Անկախության տոնը՝ առանց Արցախի. ի՞նչ է անելու այդ օրը Սամվել Շահրամանյանը

Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:
Դրանից երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում բնակչության ճնշող մեծամասնությունն արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին, թեև Ադրբեջանի կազմում Արցախը՝ հայկական ինքնավար մարզի կարգավիճակում էր։
Հանրապետության հռչակումից 33 տարի անց՝ առաջին անգամ արցախցիները օրը կնշեն Հայաստանում։
«Բռնի տեղահանությունից հետո սա փաստորեն առաջին տարին է, որ Արցախում հայ չկա։ Հայրենիքը օկուպացված է։ Ըստ էության՝ միջոցառումներ որպես այդպիսին նախատեսված չեն։ 2023 թվականից հետո մեր բոլորիս հանդիպման վայրը «Եռաբլուր» սրբավայրն է։ Այդ օրը ևս նախատեսված է այց դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որին կմասնակցի նաև նախագահ Սամվել Շահրամանյանը»,- MediaHub-ին ասաց Արցախի խորհրդարանի պատգամավորներից մեկը։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ հայրենիքի ազատության համար նահատակված հերոսների հիշատակը հարգելուց հետո նրանք կվերդառնան Երևանում Արցախի ներկայացուցչություն։
«Առայժմ այսքանն է հայտնի, հանդիպումներ, կամ այլ մանրամասներ դեռ քննարկվում են»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան