Հովիկ Աղազարյանը «Դոգի» խոսքն է հիմք ընդունում, իմ որդին Հայաստանում է․ Էդգար Ղազարյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր առավոտյան, MediaHub.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հայտարարությանը, թե ՔՊ-ն ևս կարող է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը բարձրացնել, նշել էր, որ Ղազարյանը նախ լավ կանի իր որդուն Հայաստան բերի, նոր խառնվի իշխանական «մեծ ընտանիքի» գործերին։
Աղազարյանի այս հայտարարությանը Էդգար Ղազարյանը ժպիտով արձագանքեց։
«Հովիկ Աղազարյանի համար հիմք է հանդիսացել «Դոգի»՝ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, թե իբր իմ որդին Վարշավայում է»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Որպեսզի նման հայտարարություններ չլինեն, Ղազարյանը ներկայացրեց իր ընտանիքի կազմը․ «Այսպես, ես ունեմ մեկ կին, մեկ որդի և երեք դուստր։ Որդիս կրում է իմ հոր՝ Ֆերդինանդ Ղազարյանի անունը, երեկ էլ իր ողջ փայլ ու հմայքով կանգնած էր Հանրապետության հրապարակում»։
Էդգար Ղազարյանը նշեց, որ իր որդուն տեսնելու համար Աղազարյանը կարող է երեկվա հանրահավաքի կադրերը նայել, որ և՛ խելացի մտքեր լսի ու քաղի, և՛ իր որդուն տեսնի։
«Այսքանը։ Հովիկ Աղազարյանի ընտանիքին էլ խաղաղություն եմ մաղթում»,- խոսքը եզրափակեց Ղազարյանը։
Նարե Գնունի